Մեկնաբանություն

26.09.2013 17:21


Սահակաշվիլու արկածախնդրությունը և Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

Սահակաշվիլու արկածախնդրությունը և Սարգսյանի «նախաձեռնողականությունը»

Բանից պարզվում է, որ Վրաստանում հակահայ քաղաքականություն իրականացրած «կաղ բադիկ» Միխայիլ Սահակաշվիլու պռոշը ճաքում է Հայաստանի ու հայերի համար։

Պարզվում է նաև, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնող, Վրաստանը թուրք–ադրբեջանական կապիտալին հանձնած և Ջավախքում բերիական համակարգ ներդրած Սահակաշվիլին մտահոգված է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ և կոկորդիլոսի արցունքներ է թափում Հայաստանի ինքնիշխանության համար։

Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ–ի ամբիոնից՝ Սահակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն անկյուն է քշվել, և հարկադրված է եղել ստորագրել Մաքսային միության փաստաթուղթը, որն այդ ազգի և տարածաշրջանի շահերից չի բխում։

Այն մասին, որ Հայաստանը հարկադրված է եղել Մաքսային միություն մտնելու մասին որոշում կայացնել, երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն դրա մեղավորը ՀՀ անմեղսունակ իշխանությունն է, ավելի կոնկրետ՝ «արևմտամետ» Սերժ Սարգսյանը, ով սեփական աթոռը պահելու համար աճուրդի էր հանել մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Ինչպես որ «ֆուտբոլային» արկածախնդրությունն ավարտվեց ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում տասնամյակներով երկարաձգելու պայմանագրով, այնպես էլ ԵՄ–ի հետ ասոցացումն ավարտվեց սեպտեմբերի 3–ին Մոսկվայում հնչած ինքնանվաստացուցիչ հայտարարությամբ, որը կարող էր չլինել եթե արտաքին քաղաքականությունը չնույնացվեր կազինոյում խաղալու հետ։

Գերտերություններին իրարամերժ «այո»–ներ բաշխելու «նախաձեռնողական» քաղաքականությունը բերեց ՄՄ–ում հայտնվելուն ճիշտ այնպես, ինչպես Սահակաշվիլու արկածախնդրությունը բերեց Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո և դե յուրե կորստին։ Չհասկանալ սա նշանակում է լինել անմեղսունակ։

Ի դեպ, Սահակաշվիլու իշխանության տարիներին էր արգելվել ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորի մուտքը Վրաստան։ «Խաղաղության աղավնի» Սարգսյանը ծպտուն չէր հանում այդ թեմայով և Վրաստանի նախագահին մեդալներ էր տալիս։ Միայն Իվանիշվիլու հաղթանակը հնարավորություն տվեց թուլացնել հակահայ քաղաքականությունը Վրաստանում և ՀՀԿ–ական պատգամավորի վրայից հանել «պեռսոնա նոն գրադան»։

Այնպես որ, ՄԱԿ–ի ամբիոնից ելույթ ունենալիս պետք չէ էժանագին դեմագոգիայով զբաղվել և հայերի դարդը լացել։

Սահակաշվիլու ժամանակն ավարտվել է։ Տարոսը Սարգսյանին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը