Աշխարհ

27.09.2013 11:57


Միջազգային ճգնաժամային խումբ. «ԼՂ խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը կանգ է առել 2011թ.»

Միջազգային ճգնաժամային խումբ. «ԼՂ խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը կանգ է առել 2011թ.»

Միջազգային ճգնաժամային խումբը (International crisis group) հրապարակել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հերթական զեկույցը։

«ԼՂ խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը կանգ է առել 2011թ., և 2 պետությունների միջև սկսվել է սպառազինման մրցավազք։ Ավելացել է կոշտ հռետորաբանությունը. 2 կողմում էլ սկսել են ավելի հաճախ շրջանառվել «կայծակնային պատերազմ», «նախազգուշական հարված» և «ամբողջական պատերազմ» արտահայտությունները։ Մեծ թվով միջադեպեր են տեղի ունենում շփման գծում։

Լարվածությունը տարածվել է նաև Ադրբեջանի էքսկլավ («երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք») համարվող Նախիջևանի սահմանի մոտ, որտեղ հուլիսին Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Ի պատասխան՝ Հայաստանը սեպտեմբերին զորավարժություններ է անցկացրել ադրբեջանական սահմանի մոտ։ Սադրիչ բնույթի գործողության վառ օրինակներ են Բաքվի կողմից հայազգի սպային կացնահարած ադրբեջանցուն ներում շնորհելը, ինչպես նաև Երևանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԼՂ-ում վերաբացվելու է օդանավակայան, ու ֆիքսված չվերթներ են իրականացվելու։ Բացի այդ, դրությունը բարդացնում է 2 երկրներում էլ առկա ներքաղաքական անհանգիստ վիճակը։ Երկու երկրների կառավարությունների համար այս աշունը լի է փորձություններով. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերին 3-րդ անգամ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որի ելքը, անկախ վիճակագրական տվյալներից, անկանխատեսելի է։ Իսկ Հայաստանն էլ գտնվում է անորոշության ժամանակահատվածում, երբ ընդդիմադիր խմբերն աշնանային ցույցերի շարք են ծրագրում»։

Այնուհետև զեկույցի հեղինակները հակամարտության երկարաժամկետ լուծման համար առաջարկում են խելամիտ և կանխարգելիչ գործողություններ կիրառել.

1. Մինսկի խմբի համանախագահների, Եվրոպական միության ու մյուսների կողմից կիրառվող դիվանագիտությունը պետք է կարևորի «հանգիստ շրջանի» հաստատումը, որի ընթացքում 2 կողմերն էլ պետք է դադարեցնեն կոշտ հռետորաբանությունը։ Սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է միջազգային մակարդակի լուրջ միջամտություն, որը ևս մեկ անգամ կհիշեցնի կողմերին հակամարտության վերսկսման դեպքում հետևանքների մասին։

2. Հաշվի առնելով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններն ու Հայաստանի անկայուն ներքաղաքական վիճակը՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն՝ կանոնավոր հանդիպումներ հաստատելով հայ և ադրբեջանցի նախարարների ու խորհրդականների միջև։

3. Հակամարտության թեժ գիծը պետք է վերականգնվի Երևանի ու Բաքվի միջև, ինչը կնվազեցնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Փոխադարձ վստահություն ձեռք բերելու համար կողմերը պետք է ձեռք մեկնեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատերազմական գերիների հարցը լուծելու համար։

4. Ռուսաստանը, որը մեծ ազդեցություն ունի հակամարտության բոլոր ասպեկտներում, պետք է ավելի վճռական լինի հակամարտող կողմերի միջև համաձայնության հաստատման հարցում։ Դա կարող է լինել այն դեպքում, եթե Մոսկվան հայտարարի, որ դադարեցնում է զենքի վաճառքը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Զենքի մյուս մատակարարները, որոնց թվում են Հարավային Կորեան ու Իսրայելը, պետք է հետևեն այս օրինակին։

Այս խորագրի վերջին նյութերը