Լրահոս

27.09.2013 12:25


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ անունն այս կառավարության վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ հայտնի կենդանու վրա կարմիր գույնը»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ անունն այս կառավարության վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ հայտնի կենդանու վրա կարմիր գույնը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ կառավարությունն իր երեկվա նիստում մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել ԽՍՀՄ խնայբանկի ավանդներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ օրենքում: Վարչապետ Տ.Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, թե իրենք այդ ուղղությամբ քայլեր անում են, բյուջեից համապատասխան միջոցներ հատկացրել են, այնպես որ, «անհրաժեշտություն չկա առաջ ընկնել»։ Նախագծի համահեղինակներից ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը՝ հայտարարել է. «Հերթական անգամ պիտի արձանագրեմ, որ ԲՀԿ անունն այս կառավարության վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ հայտնի կենդանու վրա կարմիր գույնը: Մեզ համար միանշանակ կանխատեսելի էր, որ մեր հերթական նախագիծը մերժվելու է: Սա հստակ քաղաքական մոտեցում է կառավարության կողմից ԲՀԿ հանդեպ՝ իմպերատիվ կերպով, առանց որևէ լուրջ հիմնավորման մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կներկայացնի մեր խմբակցությունը»:–Նա անդրադարձել է նաև վարչապետի՝ առաջ չընկնելու մասին հայտարարությանը. «Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք օրենսդրական ակտիվության և օրենսդրական գործունեության իրենց ռիթմն ու գրաֆիկը երևի թե համաձայնեցնում են այս կառավարության հետ, ԲՀԿ-ն ինքն է որոշում այս կամ այն օրենսդրական նախաձեռնության նպատակահարմարության ժամանակը: Մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն կլանի կամ խմբավորման, այլ բացառապես ՀՀ քաղաքացու շահով»։

Այս խորագրի վերջին նյութերը