Լրահոս

27.09.2013 22:28


ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին` Արցախը կարելի է բնակեցնել սիրիահայերով

ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին`  Արցախը կարելի է բնակեցնել սիրիահայերով

Բաքուն հետևողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երևույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրև տարանցիկ կետ Իրաքից Երևան և ապա Արցախ ուղևորվող և հաստատվող իրաքահայ ընտանիքներին համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով: Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։

«Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ, և համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնևյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետև ՄԱԿ-ը որևէ առնչություն չունի այս հարցի հետ»:

Ուրեմն, նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաև ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետև կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որևէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում: Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրև փախստականներ բնութագրող բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից և մեկնաբանվում է իբրև փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը և այսպիսով նաև մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որևէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից: Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երևան-Արցախ և այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սև ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների և պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է և առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձևով: Դիոն հայտնում է, թե ինքը սև ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որևէ ձևով Կանադայի և Ադրբեջանի միջև լարվածություն ստեղծելը չէ, և ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձևումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է և որևէ ձևով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ: Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք, սակայն, հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը