Մեկնաբանություն

28.09.2013 12:51


«Արևմտամետ» Թիքրանը և «ռուսամետ» Ծիկոն

«Արևմտամետ» Թիքրանը և «ռուսամետ» Ծիկոն

Բա իմացա՞ք, ժողովո՛ւրդ։

Պարզվում է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ամիսներ առաջ հրապարակավ հիմնավորումներ էր ներկայացնում, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը, ով միաժամանակ գաղտնի աշխատանքային խումբ էր ստեղծել ՄՄ–ին ինտեգրվելու համար, ով այժմ ղեկավարում է ՄՄ մտնելու կառավարական հանձնաժողովը, հոգու ամենախորքերում արևմտամետ է։ Այսինքն, վարչապետը «վրայից» Ծիգռան Սառկիսյան է, իսկ ահա «տակից» Թիքրան Սարքիսիան։ Համենայնդեպս, այդպիսի «տուֆտա» հեքիաթ են շրջանառության մեջ դրել վարչապետին կցված «արևմտամետները»։

Տիգրան Սարգսյանի արևմտամետության և եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մասին, իրոք, պետք չէ կասկածել, քանզի նա կոնկրետ փաստերով է ապացուցել իր ով լինելը։

Արևմտամետության գլխավոր մկրտությունը նա ստացավ Կիպրոսի օֆշորային գոտիներում՝ արժանիորեն ստանալով «Արևմտամետաց օրդենի» պատվո շքանշանը։ Հակաօլիգարխիկ պայքարում դա շատ կարևոր հանգրվան էր։ Ավելի կարևոր, քան բյուջետային միջոցների «ատկատներն» ու կեղծ «տենդերները»։

Կիպրոսի օֆշորում փողերի լվացքատուն սարքերով Տիգրան Սարգսյանը դուրս եկավ միջազգային «տռաս»։ Նրա արևմտամետությունը միջազգային որակավորում ստացավ։

Տիգրան Սարգսյանի արևմտամետության մասին է խոսում նաև բիոզուգարանների հանդեպ ունեցած մանիակալ սերը։

Միայն «քոքված» արևմտամետը ԵՄ անդամ երկրից Հայաստան կներմուծեր 15.000 դոլարանոց զուգարանը 170.000 դոլարով, այն էլ՝ երկու հատ, այն էլ՝ չաշխատող։ Եվ պետության վրա «տուլիտ» կաներ որպես բիոզուգարան։

Միայն ի ծնե արևմտամետը պետության հաշվին վարկեր կվերցներ, պարտքը պարտքով կփակեր ու դեմքի երջանիկ արտահայտությամբ կխոսեր եվրապարտատոմսերի մասին։

Եվ վերջապես, մարդը ավարտված արևմտամետ պետք է լինի, որպեսզի կարողանա «Հայկական աշխարհ» կառուցել Հայաստանից արտագաղթածների թվաքանակի հաշվին։

Այնպես որ, ավելի արևմտամետ գործիչ մեզ մոտ գտնելը դժվար է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սեպտեմբերի 3–ին տեղի ունեցած հայտնի որոշումից հետո հայաստանյան «արևմտամետների» մոտ անկումային տրամադրություն էր, քանզի բիզնես–կանտոռան փակվելու վտանգի առջև էր կանգնած։ «Արևմտամետ Տիգրանի» մասին հեքիաթը պարզապես փրկօղակ է նրանց համար։

Եթե նախկինում ՀՀԿ ղեկավարի օգտին արվող «դհոլությունն» արդարացվում էր «զատո նա մեզ դեպի ԵՄ ասոցացում է տանում» բլեֆով, ապա հիմա փորձ է արվում նույն էժանագին բլեֆը կարել Տիգրան Սարգսյանի վրա, որպեսզի գոնե ինչ–որ կերպ հիմնավորվի, թե ինչու են «դհոլները» շարունակում իրենց դմբլդոցները։

Այս խորագրի վերջին նյութերը