Լրահոս

21.07.2009 18:07


Հովիկ Աբրահամյան. «Կարևորում եմ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը»

Հովիկ Աբրահամյան. «Կարևորում եմ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը»

Հուլիսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարևորեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ս.թ. ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև ստորագրված Համագործակցության հուշագիրը: Նա նաև  բարձր գնահատեց ԵԱՀԿ-ում ստանձնված հանձնառությունների կատարման գործում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և այլ գործադիր կառույցների ներդրումը՝ առանձնացնելով գրասենյակի իրականացրած ծրագրերը երկրի տնտեսական անվտանգության ամրապնդման բնագավառում:
Անկաշկանդ զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին և պայմանավորվածություններ ձեռք բերեցին Հայաստանի օրենսդրական դաշտը կատարելագործելու և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Նրանք համակարծիք էին, որ այդ գործում մեծ դերակատարում ունեն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ), ում համատեղ եզրակացությունները քննարկվող օրինագծերի վերաբերյալ օգտակար գործիքներ են Հայաստանի օրենսդիրների համար: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկեցին խղճի և կրոնի ազատության, մամուլի և խոսքի ազատության, ինչպես նաև հեռուստատեսության և ռադիոյի բնագավառների օրենսդրական կարգավորման հարցերը:
Հովիկ Աբրահամյանը և դեսպան Կապինոսը նաև խորամուխ եղան ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում Հայաստանի խորհրդարանի մասնագիտական կարողությունների զարգացման ու ամրապնդման ծրագրերին:

Այս խորագրի վերջին նյութերը