Մեկնաբանություն

29.09.2013 20:32


«Վերածնված հայրենիքը»՝ մեխից կախված

«Վերածնված հայրենիքը»՝ մեխից կախված

«Պատմությունը նման է մեխի, որից կարելի է կախել ինչ ուզես»:

Ֆրանսիացի դասականը հիանալի է ձեւակերպել պատմական տարբեր փուլերում այս կամ այն գործչի կամ կուսակցության անելիքը:

Վերջին հինգ տարիներին Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդը հենց այդ գործով էլ զբաղված են:

Իր նախորդներից տարբերվելու համար Սերժ Սարգսյանը պատմության «հանդերձարանի» կախիչից է կախում այն ամենը, ինչ ինքն է կամենում՝ հուսալով, թե ապագայում, երբ սերունդները կփորձեն գնահատել հայոց նորագույն պատմությունը՝ կհամոզվեն, որ ինքն իսկապես «առանձնահատուկ» է եղել:

Հայտնի է՝ ի սկզբանե նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանի հանձնարարականով նրա թիմակիցներն սկսեցին տարածել, որ Սարգսյանը «նախաձեռնողական» գործիչ է, ընդ որում՝ «նախաձեռնող» է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականություն իրականացնելիս:

Եվ այսպես՝ «նախաձեռնողականի» «բրենդային» պիտակը կախեցին պատմության մեխից:

Կարեւոր չէ, որ նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականության հետեւանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվել է կեղտոտ ջրափոսում ու հայտնի չէ, թե ինչպես ենք դուրս գալու այս վիճակից:

Շատ կարեւոր է, որպեսզի պատմության մեջ նա «հիշվի» որպես «նախաձեռնող նախագահ»: Այսինքն՝ էական է ոչ թե բովանդակությունը, այլ ձեւը:

Ոչինչ, որ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու երազանքը հետաձգվեց մինչեւ 4-րդ հազարամյակ՝ «զատո» նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Այնուհետ սկսեցին տարածել, որ Սերժ Սարգսյանը «արեւմտամետ» գործիչ է, ոչ թե ինչ-որ ասիական տիպի առաջնորդ:

Եվ այս «արեւմտամետի» բրենդային պիտակն էլ կախեցին պատմության մեխից:

Վերջում, իհարկե, անմեղսունակներն էլ իրենց համար պարզեցին, որ նա թունդ «ռուսամետ» գործիչ է, որին «ճնշելով» քարշ տվին Մաքսային միություն: Դե, դա էլ այնքան կարեւոր չի, երբ արդեն պատմության մեխից կախված է «արեւմտամետի» համարումը:

Մանավանդ, որ ԵՄ-ի հետ ասոցացվելու հույսը չի կտրել (գոնե թղթի վրա): Բայց, իհարկե, բավական զավեշտական է հնչում նրա թիմակիցների պնդումները, թե «Սերժ Սարգսյանը կարողացավ ամրապնդել ՀՀ-ի դիրքերը միջազգային ասպարեզում»:

Սա էլ են փորձում կախել պատմության մեխից, այն դեպքում, երբ իրենց առաջնորդին այսօր չեն վստահում ո՛չ Արեւմուտքը եւ ո՛չ էլ Ռուսաստանը: Վերջինս չվստահելուց բացի նաև արհամարհում և նվաստացնում է Սարգսյանին. դա էլ, երևի, «նախաձեռնողական» բրենդի անհրաժեշտ «ատրիբուտներից» է։

Երբ մարդը դիմում է կտրուկ «փոխակերպումների»՝ ավելի ու ավելի անհասկանալի դառնալով միջազգային գործընկերների համար, սա ըստ ՀՀԿ-ականների նշանակում է՝ ՀՀ դիրքերի ամրապնդում միջազգային ասպարեզում, ինչը Սերժ Սարգսյանի հերթական «ձեռքբերումն» է:

Չենք խոսում արդեն 2008-ից մինչ օրս Սերժ եւ Տիգրան Սարգսյաննների հրապարակած «գրանդիոզնի» ծրագրերի մասին, որոնք առանց իրագործվելու դառնում են պատմություն եւ կախվում պատմության մեխից:

Անցած տարիներին հասցրին պատմության մեխից կարել նաեւ այլախոհության, քաղաքական հակառակորդների հանդեպ «հանդուրժող» Սարգսյանի իմիջը, ավելի ճիշտ՝ միֆը կամ հեքիաթը:

Հիմա էլ իր «նախաձեռնողականության» ավելցուկի ձեռքը կրակն ընկած Սերժ Սարգսյանը պատրաստվում է փոխել ՀՀ խորհրդանիշները:

Երեկ, ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները հայտնվեցին մամուլի ակումբներից մեկում եւ հայտարարեցին, որ «Մեր Հայրենիք»-ի տեքստը փոփոխման կարիք ունի, քանի որ հայ զինվորներին չի ոգեշնչում: Մասնավորապես, առաջարկում են «ազատ, անկախ» բառերը, որ կրկնվում են երկու անգամ՝ փոխարինել «վերածնված» բառով: Հանել մի քառատողը, փոխել մի քանի նոտա եւ այլն:

Փաստորեն, դեպի Մաքսային միություն սուրացող Սերժ Սարգսյանին այլեւս «ազատ, անկախ» բառերը պետք չեն: Կարեւոր է, որ իր ղեկավարման շրջանը ասոցացվի «վերածնված» բառի հետ:

«Երկիրը վերածնվել է Սերժ Սարգսյանի օրոք» հերթական բրենդային պիտակն էլ են կախելու պատմության մեխից:

Թեպետ, ցանկացած բանական մարդ խորապես կասկածում է, որ պատմությունը կարող է այսքան կեղծիք տանել: Մեխը կպոկվի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը