Մեկնաբանություն

30.09.2013 11:45


Արդի փուլում Սերժ Սարգսյանին հաճոյախոսելը Խոսրով Հարությունյանի համար այլընտրանք չունի

Արդի փուլում Սերժ Սարգսյանին հաճոյախոսելը Խոսրով Հարությունյանի համար այլընտրանք չունի

Սերժ Սարգսյանն իր գլխավորած ցուցակով ԱԺ տարավ տարբեր «մաստի» մարդկանց։ Նրա հետ էին և՛ «արևմտամետները», և՛ «ռուսամետները», և՛ «երկկենցաղները», և՛ շարքային հարբեցողները, և՛ մանր ժուլիկները, և՛ ժողգործիքները, և՛ «քյաբաբասիրաց միության» անդամները։ Մի խոսքով, Սարգսյանի «մենյուի» մեջ ամեն տեսակի «ուտելիք» կա։

Մեր քաղաքական դաշտում «Ֆունտի» կարգավիճակ ունեցող Խոսրով Հարությունյանին նույնպես չեն մոռացել (նա նստել է «Կերենսկու» օրոք, Տեր–Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք ...) և տարել են խորհրդարան։ Բնականաբար՝ ՀՀԿ–ի ցուցակով։

Խ. Հարությունյանն ունիվերսալ գործիչ է։ Նա որևէ կոմպլեքս չունի և կարող է իրարից խիստ տարբերվող մարդկանց կամ երևույթներին նույն ձևակերպումներով գնահատական տալ։ Նախկին կոմունիստը պարզապես հատուկ անուններն է փոխում և վերջ։

Օրինակ՝ մինչև սեպտեմբերի 3–ը Խոսրով Հարությունյանը գովերգում էր Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականությունը և հայտարարում, թե ՀՀԿ ղեկավարը եվրառեմոնտի է ենթարկում Հայաստանը։ Սեպտեմբերի 3–ից հետո, սակայն, նույն Խոսրովը Հարությունյանը չափից դուրս չեզոք «Առավոտ» օրաթերթում հանդես եկավ «լավաշ» հոդվածով և գովերգեց Մաքսային միություն մտնելու գիշերային որոշումը։

«Արդի փուլում նախագահ Սարգսյանի քաղաքականությունը Հայաստանի համար այլընտրանք չունի»,– իր «լավաշն» այսպիսի եզրահանգմամբ էր ավարտել Հարությունյանը՝ մինչ այդ Արևմուտքի դավադրությունը բացահայտելով Հայաստանի դեմ և նկարագրելով, թե ինչպես էր ԵՄ–ն ուզում մեր ձեռքերով շագանակներ հանել։

Փաստորեն, Հարությունյանն ուզեցել էր գովերգել Սարգսյանի քայլերը, սակայն ստացվել էր ինչպես միշտ։

Եթե ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած նախկին աթեիստ «քրիստոնեադեմոկրատը» հայտարարում է, թե Արևմուտքը Հայաստանին օգտագործելով փորձում էր Ռուսաստանի դեմ դավեր նյութել, և Սարգսյանը դա զգալով է դուրս եկել ԵՄ–ի հետ ասոցացվելու նախագծից, ապա ստացվում է, որ ՀՀ իշխանություններն անմեղսունակ են, քանզի 4 տարի բանակցել ու ավարտին են հասցրել մի փաստաթուղթ, որը, ըստ Խոսրովի, մեզ մանրադրամի էր վերածելու ՌԴ–ի դեմ Արևմուտքի պայքարում։

Թեև առանց Խոսրովի ասելու էլ պարզ է, որ Բաղրամյան 26–ում անմեղսունակ կառավարիչ է հայտնվել։ Չնայած Խոսրովը հաստատ դա չէր ուզեցել ասել։ Նրա գործը քծնելն ու օրվա իշխանությանը գովերգելն է։ Նա ուրիշ նպատակ չի ունեցել։ Այլ հարց է, որ անհարմար բան է ստացվել։

Հաշվի առնելով ունիվերսալ այդ գործչի հոգեվիճակը՝ կարող ենք ասել, որ արդի փուլում Սերժ Սարգսյանին հաճոյախոսելը Խոսրով Հարությունյանի համար այլընտրանք չունի։

Կարող եք չկասկածել, որ եթե Սարգսյանը որոշեր ԵՄ–ի հետ ասոցացման գնալ, ապա Խոսրով Հարությունյանը դավադրություն կբացահայտեր արդեն ռուսների կողմից, և կրկին կհայտարարեր, որ արդի փուլում Սարգսյանի ...

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը