Մեկնաբանություն

30.09.2013 13:40


Արտաքին քաղաքականության կոմերցիալիզացիան

Արտաքին քաղաքականության կոմերցիալիզացիան

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքում մեր արտաքին քաղաքականությունը ենթարկվեց կոմերցիալիզացիայի։ Նպատակը մեկն էր՝ ներքին լեգիտիմության դիֆիցիտը լրացնել արտաքինով, և պահել աթոռը։

«Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում առևտրի առարկա դարձավ Հայոց ցեղասպանության հարցը։

Պետք է արձանագրել, որ զուտ հանգամանքների բերումով «Սահմանների բացում Ցեղասպանության մոռացության դիմաց» ծրագիրը տապալվեց, թեև միջանկյալ կորուստներ, այդուհանդերձ, ունեցանք։ Թուրքերն ստացան իրենց ուզածը, բայց սահմանը մնաց փակ, իսկ հայ–թուրքական հարաբերություններում լարվածությունը մեծացավ։ Ամեն ինչ գնում էր դեպի ՀՀ և ԼՂՀ անվտանգության կորուստ, սակայն օգնության հասան Էրդողանն ու Ալիևը, ովքեր իրենց ախորժակով ստիպեցին Սարգսյանին նահանջել։ Այսինքն, մեր թշնամի հարևաններն ակամայից դարձան մեր անվտանգության երաշխավորները։ Եթե Սարգսյանին մնար, ապա նրա «ֆուտբոլի» արդյունքում Հայաստանը վերջնականապես կհայտնվեր խաղից դուրս վիճակում։

Դասեր, բնականաբար, չքաղվեցին։

Իշխանության վերարտադրման նպատակով Սարգսյանը շարունակեց իր «նախաձեռնողականությունը» և սկսեց «ֆուտբոլ» խաղալ արդեն ԵՄ–ի հետ՝ խոստանալով ասոցացում։ Առևտրի առարկան այս դեպքում արդեն Ղարաբաղն էր։ ՀՀԿ ղեկավարը պատրաստ էր «ԵՄ–ի հետ ասոցացում և նախագահական աթոռի պահպանման աջակցություն Ղարաբաղի հանձնման դիմաց» բանաձևով առաջնորդվել (մանավանդ որ եվրոպացիներն ահագին փող էին խոստացել), սակայն այս անգամ էլ ռուսներն, իրենց շահերից ելնելով, թույլ չտվեցին դա։

Թե որքան հնարավորություն ունի Հայաստանը դիմանալ այս իշխանությունների վարած կոմերցիոն քաղաքականությանը, դժվար է ասել։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է. այսպես շարունակվելու դեպքում ամեն ինչ կավարտվի շատ տխուր ձևով։ Արժե՞ արդյոք փորձության ենթարկել պետությունը և հույսը դնել իներցիայի վրա։ Իհա՛րկե չարժե։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը