Մեկնաբանություն

30.09.2013 17:24


Գեներալ–պատգամավորի տվայտանքները

Գեներալ–պատգամավորի տվայտանքները

Պարզվում է, որ գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանին հունից հանում են ոչ թե ազատամարտիկներին հուզող խնդիրները, այլ այն, որ նրանք այդ խնդիրները քննարկում են ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի հետ։ Ավելի ճիշտ՝ Բաղրամյան 26–ում նստածներն են հունից դուրս եկել ու «մեյդան» գցել հավերժ իշխանամետ այդ մարդուն։

Իսկ եթե Մ. Գրիգորյանն ինքնուրույն է վրդովվել ազատամարտիկների ու նրանց հանդիպած կուսակցությունների քայլերից (ինչին դժվար է հավատալը, քանզի նա կարգապահ ենթակա է, և բոլոր քայլերը համաձայնեցնում է վերևների հետ՝ անկախ այն բանից, թե ով է վերևում), ապա պետք է նկատել, որ ազատամարտիկների խնդիրները միշտ ինքն է մանրադրամի վերածել ու դարձրել օրվա իշխանությունների հետ «բազառի» առարկա։

Օրինակ՝ 1999–ի հոկտեմբերի 27–ից հետո Մանվելն ու իր շուրջ հավաքվածները դեռևս Թումանյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակից դեպի ԵԿՄ շենք և հակառակ ուղղությամբ քշում էին իրենց մարտական «ջիպերն» ու ամեն օր խոստանում հուժկու հայտարարություն իշխանության դեմ։ Բայց երբ Մանվելին պաշտոն ու գեներալական կոչում տվեցին, անմիջապես մոռացավ իր «ջիպային» ընդդիմադիրությունն ու դարձավ հլու–հնազանդ կամակատար։ Ի դեպ, ՀՀԿ–ում էլ մոռացան, որ պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Տարիներ անց Մանվելը կրկին «ընդդիմություն» դարձավ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ, բայց իրեն հատուկ ոճով՝ «տակից»։ Նա կրկին ազատամարտիկների անունից «հուժկու» բաներ էր տարածում, բայց երբ մի հատ «փըխկ» արեցին, մարտի 1–ին անցավ խոր ընդհատակ ու դարձավ անհասանելի։ Վերջում էլ ՀՀԿ–ի ցուցակով նշանակվեց պատգամավոր։

Այնպես որ, ազատամարտիկների անունն ու խնդիրները շահարկելուց ով ով, բայց գեներալ–պատգամավորը պետք է չխոսի։ Նրա անցած ուղին բոլորիս աչքի առաջ է, ու չարժե պատերազմի տարիներին ունեցած վաստակը մսխել ներքաղաքական ճղճիմ խաղերի մեջ՝ վերածվելով շարքային հաճախորդի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը