Մեկնաբանություն

01.10.2013 23:45


«Քյաշ» փողով շաբաշ տվողները

«Քյաշ» փողով շաբաշ տվողները

Հաց եւ զվարճանք: Հացի համար փող չկա, զվարճանքի համար՝ ինչքան ուզես: Օրինակ՝ ավելի քան 54 միլիոն: Պետբյուջեից այդքան գումար է հատկացվել Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Նունե Եսայանի համերգին:

Երբ նախագահական պալատը հանրությանը «դեմ տվեց» Նունե Եսայանին, բոլորը զարմացան, զայրացան, մի քիչ բողոքեցին, մի մասն էլ բոյկոտեց նրա մենահամերգը եւ ամեն ինչ դրանով ավարտվեց:

Սակայն ում մտքով կանցներ, որ նախագահականի «սոխակի»՝ քյարթու երգացանկով հագեցած մենահամերգի վրա կառավարությունը կարող է այդքան փող թափել:

Նույն կառավարությունը, որ արդեն 6 ամիս խաբում է թշվառության մեջ հայտնված եւ հրապարակում բողոքի ցույցեր անող ազատամարտիկներին եւ չի լուծում նրանց խնդիրները:

Իրոք, բանականության մեջ չի տեղավորվում, որ այս ու այնտեղից վարկեր մուրող կառավարությունը կարող է զվարճանքի վրա ծախսել 54,6 միիոն դրամ՝ անգամ եթե դա վերաբերում է Անկախության տոնին: Անգամ եթե այդ տարեդարձը հոբելյանական լիներ, թեեւ այդպիսին չէր:

Եվ որքան էլ զավեշտական թվա, բայց կառավարության որոշման մեջ նշված է, թե ինչ նպատակով է տրամադրվել այդքան գումար: Ահա՝ «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Մի կողմ թողնենք ռեստորանային երգչի մակարդակ ունեցող Նունեի միջոցով քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացման հույժ կարեւոր խնդիրը:

Կարելի է ենթադրել, թե «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում» հիմնավորմամբ անցած տարիներին էլի քանի-քանի նմանատիպ նախագծեր է ֆինանսավորվել:

Չի կարելի բացառել, որ իշխանական ուժի նախընտրական քարոզարշավների ժամանակ եւս այս կերպ է ֆինանսավորվել շոու-բիզնեսի «աստղերի» մարզային եւ մայրաքաղաքային ելույթները, ինչպես նաև փուչիկները, որ պայթելով այրեցին «քաղաքացիական հասարակությանը»:

Այնպես, որ՝ եթե հաց չեն կարողանում ապահովել, ապա զվարճանք միշտ էլ խոստացել են եւ հրամցրել՝ նման «հիմնավորմամբ»:

Եվ հիմա՝ ուշացումով տեղեկանալով Նունեի մենահամերգի համար տրամադրված «քյաշ» փողի մասին, հանրության միտքը կրկին ալեկոծվել է:

Իշխանական գործիչները կամ կառավարությունն իրենց թույլ տված այս շռայլությունն հավանաբար նորից կբացատրեն հայրենասիրական զեղումների միջոցով, թե՝ բա Անկախության տոն է, մեր հայրենիքի անկախության համար կազմակերպված միջոցառման համար չի կարելի ոչինչ խնայել եւ այլն:

Իհարկե, նման բացատրությունն ընդունելի չի կարող լինել ոչ միայն այն պատճառով, որ անկախ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ահավոր վատ է, եւ ուղղակի կարելի էր «ոտքերը վերմակի չափով ձգել»: Այլ նաեւ այն պատճառով, որ գոնե պետական կարեւորության տոնի նշանավորման ժամանակ կարելի է հանրությանը ցույց տալ, թե իշխանությունը, կառավարությունը փորձում է ինչ-որ արժեհամակարգ ձեւավորել:

Իսկ երբ այդ տոնի գլխավոր ֆիգուր է ընտրվում «շիրպատրեբի» ու ռաբիսի խառնուրդ մի կատարող, ապա հասկանում ես, որ այս իշխանությունը հենց նման «արժեհամակարգի» կրողն է, ինչի համար էլ այդքան գումարներ է վատնում:

Նունեն է սրանց չափանիշը, ում, ի դեպ, գարնանը կառավարությունը մի մեծ տարածք նվիրեց: Ապրիլի սկզբին կառավարության որոշմամբ՝ «Երևանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 507.4 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին։Կազմակերպությունը մտադիր է նշված տարածքում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացի անվճար խմբակներ»։

Մինչդեռ, իրապես արժեքներ ստեղծող մարդիկ միայն կերազեին նման հնարավորության մասին:

Սակայն իշխանությունը նախընտրում է հոգալ նունեներին բիզնեսներով ապահովելու հարցը, քանզի նրանք են պալատական աշուղները, նրանք են տարատեսակ ծառայություններ մատուցում տոկոս խփող Սերժ Սարգսյանին:

Այնպես, որ՝ զարմանալ պետք է չէ, երբ նման «արժեքներ» դավանող իշխանությունը, կառավարությունը տասնյակ միլոններ է քամուն տալիս՝ «ատկատներն» էլ դնելով գրպանը:

Ժամանակները փոխվել են. հացն էլ, զվարճանքն էլ իրենցն է:

Իսկ ժողովրդին միայն գաղջ անտերություն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը