Լրահոս

22.07.2009 09:57


Կառավարությունը կխթանի ներքին տուրիզմի զարգացումը Հայաստանում և ԼՂՀ–ում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հուլիսի 21-ին այցելել է «Ասպար Ուայլդ Տուր» զբոսաշրջային կազմակերպություն, որը 2006 թվականից կազմակերպում է զբոսաշրջային տուրեր Հայաստանի և Ղարաբաղի տեսարժան վայրեր և փորձում ընդլայնել իր ծառայությունները, ներկայանալ նորովի։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կազմակերպության գործունեությունը համահունչ է Հայաստանում տուրիզմի զարգացմանը միտված կառավարության ծրագրերին և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունավետ համագործակցության պայմաններում դրանք կիրականացվեն։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը այս տարի հանդես է եկել տուր-օպերատորներին աջակցելու մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է խթանել ներքին տուրիզմի զարգացումը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
ԼՂՀ-ի տեսարժան վայրերը ներկայացնող ճանաչողական ֆիլմի դիտումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հուլիսի 8-ին կառավարությունում ներկայացված «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթին, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել գործակալությունների ներկայացուցիչների եռօրյա ճանաչողական այցը ԼՂՀ և համապատասխան քննարկումների արդյունքները, ընդգծել, որ բացահայտվել են Արցախում զբոսաշրջության զարգացման իրական հնարավորությունները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
ՀՀ վարչապետը միաժամանակ շեշտել է ներքին տուրիզմի զարգացման նպատակով ոլորտի ուսումնասիրության անհրաժեշտությունը, կարևորել խոշոր ձեռնարկությունների և տուրիստական գործակալությունների համատեղ աշխատանքը, ինչպես նաև երկխոսության շարունակականությա ապահովումը կառավարության և զբոսաշրջային կազմակերպությունների միջև։

 

Այս խորագրի վերջին նյութերը