Լրահոս

02.10.2013 13:02


«Կենսաթոշակառուների ապրելու պայմաններն այլևս անտանելի են»

«Կենսաթոշակառուների ապրելու պայմաններն այլևս անտանելի են»
Քանի որ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ Կանոնակարգ-օրենքով ինձ հատկացված ժամանակը չբավականացրեց հայտարարությունս ավարտին հասցնելու համար, այն հրապարակում եմ ստորև.
Հարգելի' գործընկերներ,
Ցավոք, մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներն օրեցօր շատանում են, իսկ այդ պայմաններում քաղաքացիների ու մասնավորապես կենսաթոշակառուների ապրելու պայմաններն այլևս անտանելի են ու անհնար են դարձնում նրանց՝ արժանապատիվ ու, եթե չասեմ բարեկեցիկ, գոնե ապրելու մինիմալ պայմաններով ապահովված՝ գոյատևելու ցանկությունը: Գուցե մենք ծայրահեղություններ սիրող ազգ ենք, բայց երբ կառավարության որոշումների հիման վրա, օրինակ, դատախազներն ու դատավորները ստանում են 600.000-800.000 ՀՀ դրամի չափով կենսաթոշակ, իսկ շարքային քաղաքացին ստիպված է բավարարվել կենսաթոշակի հիմնական չափ սահմանված 13.000 դրամով՝ գումարած յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժը, որը մեր կառավարությունը գնահատում է ընդամենը 450 դրամ, պարզ է դառնում, որ թոշակառուների խավը, մեղմ ասած, անտեսված է
(Կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը (սահմանում է ՀՀ կառավարությունը),
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը (սահմանում է ՀՀ կառավարությունը),
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է հետևյալ կերպ. մինչև 25 տավա (ներառյալ) ստաժը բազմապատկվում է 0.04 գործակցով, իսկ 25 տարին գերազանցող ստաժը` 0.02 գործակցով, այնուհետև ստացված արտադրյալները գումարվում են:
Օրինակ` եթե կենսաթոշակառուն ունի 47 տարվա աշխատանքային ստաժ, նրա կենսաթոշակի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ.
13000+47 x 450 դրամ x [(25 x 0.04) + (47 - 25) x 0.02]= 13000+47x450 x 1.44=13000+30456= 43456):
Կառավարությունը պարբերաբար թմբկահարում է, թե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ամեն անգամ ինչ-որ տոկոսներով բարձրացնում ենք թոշակները, բայց նույն կառավարության կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքերում հստակ ներկայացված են 2012թ.-ի համեմատ 2013թ. բյուջեով կատարված ավելացումները: Ես մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, բայց երբ գրված է, որ օրինակ 2013թ. աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կազմել է 31.345 դրամ` 2012 թ.-ի 31.254 դրամի համեմատ, կամ սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը` 16 221 դրամ` 2012 թ.-ի 16 226,1 դրամի համեմատ, այսինքն՝ տարբերությունը չի գերազանցում 100 դրամը, իսկ միջին չափը նույնիսկ նվազել է, ավելացման մասին խոսելը և հասարակության աչքին հետևողականորեն թոզ փչելը պարզապես լցրել է բոլորի համբերության բաժակը: Ձեր իսկ ներկայացրած օրինակով 47 տարվա աշխատանքային ստաժ ունեցողը այսօր ստանում է 43.000 դրամ կենսաթոշակ: Ստացվում է, որ իր կյանքի 60-70%-ը պետության համար աշխատած մարդուն պետությունը պատասխանում է՝ «Եղունգ ունես, գլուխդ քորի» ժողովրդական ասացվածքով…
2012թ. համեմատ 2013թ.-ին կենսաթոշակային ծախսերը նվազել են, քանի որ թոշակառուների թիվը 449.355-ից նվազել է 4117-ով: Չնայած ես վստահ եմ, որ պետական վիճակագրական տվյալները մեծամասամբ իրականությունից հեռու են, հակառակ դեպքում երկրում խուճապային իրավիճակ կստեղծվեր, բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ թիվը նվազել է 4117-ով, ապա բացառված չէ, որ շատերը մահացել են իրենց խղճուկ թոշակներով գոյատևել չկարողանալու արդյունքում: Փորձեք գիշերով շրջել քաղաքում, գրեթե բոլոր կանգառներում ու շքամուտքերում անտուն ու սոված մուրացկաններ են ապրում, նույնիսկ աղբարկղերի պարունակության համար են վիճում իրար հետ: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ առաջիկա ձմեռը ըստ օդերևութաբանների լինելու է ամենացուրտը վերջին 100 տարիների ընթացքում, իսկ մեր երկրի գնաճը, այդ թվում գազի և սննդամթերքի թանկացումները այլևս իրականություն են, ապա հավանաբար կառավարության հաշվարկներով թոշակառուները պետք է ինքնաոչնչանան, և գուցե մի քանի տարի հետո մենք այլևս չունենանք նման խավ, բոլորը կամ լքում են երկիրը, կամ մահանում են օրվա հացին կարոտ մնալով: Կառավարությունն էլ կխնայի բյուջեի միջոցները, որպեսզի այդ միլիոններով ձեռք բերի պետական նոր շքեղ մեքենաներ, հարաբերություններ հաստատի Վանուատուի նման երկրների հետ, գյուղերում հանրահայտ դասընթացներ կազմակերպի, գումարներ հատկացնի նախարարություններում տարատեսակ խորհրդատվությունների իրականացման համար կամ հաշվի Սևանա լճի խեցգետիններին…
Հ.Գ. 2014թ. հունվարի 1-ից նախատեսվող բարձրացումը ըստ էության ևս ոչ մի էական ազդեցություն չի ունենալու այս խավի ապրելակերպի որակի բարձրացման վրա:
ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը