Մեկնաբանություն

03.10.2013 11:30


«Ասոցացված» և «մաքսավորված» Սերժ Սարգսյանը

«Ասոցացված» և «մաքսավորված» Սերժ Սարգսյանը

ԵԽԽՎ–ում հնչեցրած Զարուհի Փոստանջյանի հարցը և դրան հետևած թամաշան ստվերում թողեց Սերժ Սարգսյանի ելույթի բովանդակային մասը։ Մինչդեռ շատ ավելի կարևոր է տեսնել, թե ինչպես էր «արևմտամետ» գործիչը բացատրելու իր գիշերային փոխակերպումն, ու ինչ էր խոսելու Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը շարունակեց այն սուտն ու կեղծիքը, որի օգնությանն է դիմում նաև Հայաստանում։ Նրա խոսքում դեմագոգիայի պակաս նույնպես չկար։

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Եթե ազատ մամուլի տակ Սարգսյանը նկատի ունի ընդդիմադիր բառապաշարով հանդես եկող իր հաճախորդ–լրատվամիջոցներին, ապա, իրոք, Հայաստանն ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է։ Ի դեպ, տեղին է հիշելը, թե ինչ էր գրել լրատվական դաշտի մասին «Հետք» կայքի ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, ով վարչապետի օֆշորային արկածների բացահայտմամբ է զբաղված։

Ինչ մնում է կայացած քաղաքացիական հասարակությանը, ապա ՀՀ նախագահի պաշտոնը վարող մարդը, ըստ ամենայնի, նկատի ունի «պետպատվերով» գեղամյանություն անողներին։

«2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում»,– եվրոպացիների ականջներից փորձել է «լապշա» կախել տոկոս «խփողը»։

Իրականությունն այն է, որ վերջին երկու համապետական ընտրություններն ու Երևանի ավագանու ընտրությունն աչքի ընկան ամենախայտառակ ու աննախադեպ կեղծիքներով։ Իշխանությունը վերարտադրվեց ոստիկանության կուռացիայի տակ հայտնված շրջիկ խմբերի, պուտանկեքի ու թաղային խուժանի օգնությամբ։ Տոկոս «խփելուն» օժանդակեցին նաև բազմակի քվեարկությունները, վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը ու քաղաքական մանիպուլյացիաները։

Դե, իսկ 2013թ. նախագահական ընտրությունները մրցակցային անվանելը կատարյալ ցինիզմի դրսևորում է, քանզի նման «ֆեյք» ընտրություններ Հայաստանի նորանկախ պատմության մեջ չէր եղել։ «Զորավարի» «աղոթքն» ու Պարույր Հայրիկյանի վճարովի խեղկատակությունը վկա։

Անցնենք առաջ։

«Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում»,– իր սիրելի Ստեփան Մնացականյանի գերատեսչության ներկայացրած մակրոցուցանիշները հաշվի չառնելով՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Դժվար է ասել, թե ինչ է նկատի ունեցել ՀՀԿ ղեկավարը, երբ խոսել է առկա խնդիրները կառավարության կողմից համալիր ծրագրերի իրականացման միջոցով հաղթահարելու մասին։ Տիգրան Սարգսյանը զբաղված է դրսից բերած վարկերը մսխելով, վարկը վարկով փակելով, ինչպես նաև «ատկատների» ու «տենդերների» գործը կազմակերպելով (բնականաբար, Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո)։ Ուրիշ համալիր ծրագիր վարչապետը չի իրականացնում, եթե, իհարկե, չհաշվենք օֆշորային գոտիներում փողերի լվացման հույժ կարևոր և հակաօլիգարխիկ միջոցառումները։

Կառավարության իրականացրած համալիր ծրագրերի արդյունքում է ՀՀ արտաքին պարտքը հասել 5 միլիարդի, արտագաղթը վերածվել էվակուացիայի, ներդրումները պակասել, գործազրկությունն աճել, աղքատների քանակն ավելացել, և տնտեսությունը կանգ առել։

Դժվար չէ կռահել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե Սերժ և Տիգրան Սարգսյանները շարունակեն իրենց համալիր ծրագրերը։

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»,– նշել է մարտի 1–ի 10 զոհերի գնով իշխանության եկած, լիսկաների հովանավոր կանգնած և ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին տարիներով անհիմն բանտարկած Սերժ Սարգսյանը։

Դեմագոգիան ու կեղծիքը, փաստորեն, չափ ու սահման չունեն։

«Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը»,– աթոռից կառչած մնալու ծրագրերին բարեփոխումների տեսք է փորձել տալ թուրքմենբաշիզմով տառապող և Իլհամ Ալիևի երկրպագուն հանդիսացող Սարգսյանը։

ԵԽԽՎ–ում Սարգսյանն անդրադարձել է նաև Մաքսային միությանն անդամակցելու իր որոշմանը։ Նա այնպիսի հիմնավորումներ է ներկայացրել ՄՄ–ին միանալու օգտին, կարծես ինքն ու իր թիմը չէին մինչև սեպտեմբերի 3–ը արևմտամետ խաղում և բազում հիմնավորումներ ներկայացնում ՄՄ–ին չմիանալու օգտին։

Թե ինչպիսի տպավորություն է թողել Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ–ի նիստին մասնակցող օտարերկրյա պատգամավորների վրա, էական չէ։ Ի վերջո, մեր խնդիրներն ինքներս պետք է լուծենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը