Մեկնաբանություն

03.10.2013 23:20


Հերթապահ բառեր

Հերթապահ բառեր

Մինչ Սերժ Սարգսյանին քծնող արարածների «բերանի լոզերը» գնում է, մինչ ոմանք շարունակում են հիացած բացականչել, թե «Ես հպարտ եմ մեր նախագահի ելույթով», «Դեռ ոչ ոք այսպիսի ելույթ չէր ունեցել» եւ այլն, ինձ մի հարց է հետաքրքրում:

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ինչու «սահուն» կերպով շրջանցեց եւ չանդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, որոնք, ինչպես հայտնի է շարունակում են մնալ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում, իսկ Թուրքիայի խորհրդարան այդ փաստաթղթերն այդպես էլ չմտան:

Իսկապես, հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Տեղը չէ՞ր, թե՞ ժամանակը չէր: Իսկ որտեղ եւ երբ է Սերժ Սարգսյանն անդրադառնալու իր թիվ մեկ նախաձեռնությանը, ինչով այնքան հպարտանում էր 2009-ի հոկտեմբերի 10-ից առաջ եւ դրանից հետո, երբ ստորագրվեցին այդ արձանագրությունները:

Վեհաժողովի իր ելույթում Սերժ Սարգսյանը Թուրքիային հիշատակեց ընդամենը այս համատեքստում. «Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար»:

Սեփական «ձեռքբերումները» (որ միայն ինքն է տեսնում) թվարկելու փոխարեն՝ ճիշտ կաներ այդ բարձր ամբիոնից «մի երկու բառով» նաեւ անդրադառնալ այդ թեմային: Մանավանդ, որ բողոքեց Թուրքիայի կողմից սահմանը փակ պահելու դեմ:

Մինչդեռ, արձանագրությունների ստորագրումից դեռ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, թե «Թուրքիան հնչեցրել է առաջարկ ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագիտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որևէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի և լայնորեն ընդունված իրողությունների, սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո միայն»:

Հաջորդող իրադարձությունները հայտնի է. ավելի ուշ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա է մեկնելու բաց սահմանով կամ երբ լինենք բացման նախաշեմին, սակայն արձանագրությությունների ստորագրումից հետո էլ թուրքական կողմը սահմանը չբացեց ու հիամ մենք դրա նախաշեմին չենք: Թուրքերի «գութը» չշարժեց անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի եւ մարզաշապիկների վրայից Արարատ լեռան պատկերը հանելու հայկական կողմի նախաձեռնողական քայլը:

Ավելին՝ արձանագրությունների ստորագրումից առաջ՝ դեռեւս 2008-ին, երբ Սարգսյանի հրավերով Գյուլը այցելեց Հայաստան, մինչ օրս ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միայն Շվեդիայի խորհրդարանը հույների եւ ասորիների հետ միասին ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Այն էլ դրանից անմիջապես հետո Շվեդիայի վարչապետը Էրդողանից ներողություն խնդրեց իրենց խորհրդարանում ընդունված բանաձեւի համար:

Իսկ ԵԽԽՎ-ի իր ելույթում Սերժ Սարգսյանն հայտարարում է, թե «Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում»:

Նա նաև վստահեցնում է, թե Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու դեմ եւ այլն:

Այն դեպքում, երբ իր «նախաձեռնողականությամբ» կասեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Ինչեւէ, Ստրասբուգում նա նախընտրեց լռել «ֆուտբոլային դիվանագիտության» «ձեռքբերումների» մասին, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական արձանագրությունները «թթվելու» են Ազգային ժողովում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին «նաղաձեռնող» գործիչ է կանգնած:

Փոխարենը նա հիշեց Ադրբեջանի մտավորականությանը ուղղված Սոս Սարգսյանի նամակը:

Մինչդեռ, հանճարեղ դերասանն ու մեծ մտավորականը հայ-թուրքական գործընթացի մեկնարկից հետո քանիցս իր բողոքն էր արտահայտել «նախաձեռնողական» Սարգսյանի դեմ՝ միաժամանակ հայությանը հիշեցնելով, թե ով է թուրքը.

«Ես ասել եմ ու ասում եմ` ոչ մի սահման չեն բացելու թուրքերը, ոչ մի պայմանագիր չեն ստորագրելու, ձեւականություններ են լինելու այդ բոլորը: Նրանք խնդիր ունեն հայերին վերացնելու, 1915-ը հո էնպես պատահական բան չէ՞ր. ծրագիր էր, պանթուրքիզմի ծրագիրն է, ինչից նրանք չեն հրաժարվում, հարյուր չէ, հազար տարի էլ անցնի նրանք պիտի ուզենան այդ բանը: Դա նրանց գեների, արյան մեջ է, ծրագրված է, այդպիսի կոդով են ծնվել, կոդավորված էլ գործում են` հայերին պետք է վերացնել, եւ վերջ: Պատահակա՞ն է, որ այսօր էլ, երբ էստեղ-էնտեղ ձեռքները կացին է ընկնում, հայի են սպանում: Ոչ մի պատահական բան չկա, կոդ է: Եվ մենք պետք է դա հասկանանք: Կներեք անհամեստությանս համար, ես որպես հայ մարդ, ինձ շատ բարձր եմ պահում։ Համարում եմ, որ այդ հարցում իմ դիրքորոշումը ամենաազնիվն է, ամենաառողջն է, ամենաճշմարիտն է, արդարացին է: Ես պատահական չեմ ասում, որ մեզ սազականը ողբերգություն տեսած մարդու իմաստնությամբ առաջնորդվելն է»,- 2009-ի աշնանը իր 80-ամյակի կապակցությամբ Օպերայի թատրոնում տեղի ունեցած հոբելյանական հանդիսության ավարտին, մասնավորապես հայտարարեց Սոս Սարգսյանը: Բացի այդ նույն բովանդակությամբ հարցազրույցներ է տվել:

Ի դեպ, Սոս Սարգսյանի հրապարակային բողոքն ու դժգոհությունն այնքան ուժգին էր, որ նրա 80-ամյակի հանդիսությանը չբարեհաճեց ներկա լինել նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը: Այդ օրը հոբելյարի ցասումնալից ելույթը լսեցին միայն դահլիճում ներկա վարչապետը եւ կառավարության անդամները:

Դե հիմա էլ՝ վարպետի մահից հետո Սերժ Սարգսյանը իր համար հարմար «ծաղկաքաղ» է անում Սոս Սարգսյանի հրապարակային խոսքից կամ նամակից:

Այնուամենայնիվ, հարցը մնում է՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը չանդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին:

Ոչ այստեղ է այդ մասին ձայն հանում եւ ոչ էլ միջազգային հարթակներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը