Լրահոս

04.10.2013 00:55


Անվանի աստղագետները Երեւանում կմասնակցեն գիտաժողովին

Անվանի աստղագետները Երեւանում կմասնակցեն գիտաժողովին
Հոկտեմբերի 7-11-ը Երեւանում կայանալու է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել շուրջ 150 գիտնականներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում երբեւէ անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ՄԱՄ միջազգային գիտաժողովի տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը եւ կազմկոմիտեի ակտիվ անդամները: Վերջիններս նշեցին նաեւ, որ գիտաժողովը նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին:

Ըստ ՄԱՄ միջազգային գիտաժողովի գիտական կազմկոմիտեի համանախագահ, տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանի` Բենիամին Մարգարյանը մեծ ճանաչում ունի համաշխարհային աստղագիտական համայնքում. «Նրան լավ են ճանաչում, այնպես, ինչպես Վիկտոր Համբարձումյանին գիտեն: Այս գիտաժողովին թեման էլ այնպիսին է ընտրվել, որ սերտ առնչություն ունենա անվանի աստղագետի աշխատանքների հետ»:

Ասուլիսի բանախոսները նշեցին, որ գիտաժողովի շնորհիվ մեծ թվով արտասահմանյան գիտնականներ կգան Հայաստան, իսկ դա կարող է շատ լավ արդյունքների հանգեցնել:

«Ցանկացած գիտաժողով ընդհանրապես բերում է նաեւ իր շարունակական, հեռանկարային արդյունքները: Կապերի հաստատման մեծ հնարավորություն է ստեղծվում հատկապես երիտասարդ հայ աստղագետների համար»,- ասաց Արեգ Միքայելյանը` հավելելով, որ գիտաժողովը ֆինասնսավորում են ՄԱՄ-ը, ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ կառույցներ:

Ասուլիսի բանախոսը փաստեց, որ Հայաստանը միակն է տարածաշրջանում, որտեղ ՄԱՄ-ը նմանօրինակ գիտաժողով է անցկացրել. նախկին ԽՍՀՄ տարածքում ՄԱՄ-ը 16 անգամ է անցկացրել այսօրինակ միջոցառում, որոնցից 5-ը կազմակերպվել են Հայաստանում: Գալիք միջոցառումը լինելու է թվով 6-րդը:

Տեղական կազմկոմիտեի անդամ Սոնա Ֆարմանյանը նշեց, որ միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներում ակտիվորեն ներգրվավված են ուսանողական խմբեր ԵՊՀ ֆիզիկայի, միջազգային հարաբերությունների, ռոմանոգերմանական բանասիրության, արեւելագիտության եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներից, ինչպես նաեւ Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանից եւ Տուրիզմի հայկական ինստիտուտից:

«Բարդ ընտրություն է կատարվել, քանի որ հարկավոր էր ընտրել իրոք լավագույններին: Ես եւ մասնակցել եմ ընտրությանը, այնպես որ գիտեմ, թե ինչ բարդ աշխատանք է սպասվում»,- ասաց Սոնա Ֆարմանյանը:

Տեղական կազմկոմիտեի մյուս անդամ Լիլիթ Սարիբեկյանն էլ խոսեց միջոցառման արդեն զբոսաշրջային կարեւոր բաղադրիչի մասին:

«Լինելու են այցելություններ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր` Գառնի-Գեղարդ, Նորավանք, Զորաց Քարեր: Սպասվում է նաեւ կարեւոր շրջագայություն Երեւանում, որն ընդգրկելու է «Էրեբունի» թանգարանը, Ազգային պատկերասրահը, Մատենադարանը»,- նշեց Լիլիթ Սարիբեկյանը՝ հավելելով, որ այցեր կլինեն դեպի Էջմիածին ու Բյուրական:

Գիտաժողովին առավել շատ մասնակիցներ կլինեն զարգացած աստղագիտական երկրներից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից: Կներկայացվեն 60 բանավոր զեկուցումներ եւ շուրջ 100 պոստերներ:

Հ.Գ.: Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001թթ., եւ 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 6-րդը: Միջոցառման համար նաեւ պաշտոնական ինտերնետային էջ է ստեղծվել http://iaus304.aras.am/, որտեղ կարելի է ծանոթանալ մանրամասներին:

Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը