Մեկնաբանություն

04.10.2013 12:40


Մասնագիտությունը՝ պահանջատեր

Մասնագիտությունը՝ պահանջատեր

Հայաստանում կան մարդիկ, ովքեր պահանջատեր են աշխատում։ Առավոտյան տանից դուրս են գալիս ու գնում պահանջատիրությամբ զբաղվելու։ Հայաստանյան պայմաններում դա շատ ձեռնտու գործ է՝ զրո պատասխանատվություն ու լիքը հարգանք։

Պահանջատերը նաև հայրենասեր է աշխատում. դրանք քույր մասնագիտություններ են։ Որքան շատ է պահանջատիրությունը, այնքան մեծանում է հայրենասիրության չափը։

Հայաստանյան պահանջատերերի աստվածաշունչը տխրահռչակ Սևրի պայմանագիրն է, իսկ նրանց հոգևոր հովիվը՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ յուր իրավարար վճռով։

Հայաստանյան պահանջատերերի տիպիկ ներկայացուցիչներից է Արա Պապյանը, ով ԵՄ–ի հետ ասոցացման գնալու բուռն նախապատրաստական շրջանում խիստ վիրավորվել էր ռուս սահմանապահների կողմից թուրք սահմանախախտին սպանելու փաստով և պետպատվերի շրջանակներում ամբողջությամբ տեղավորվել էր «արևմտամետ» հայեցակարգի մեջ, որը ենթադրում է լճից լիճ Հայաստան։ Սակայն «պետպատվերով» հակառուսական հիստերիայով զբաղվելուց ազատ ժամանակ նույն Պապյանը հանդես է գալիս «Ծովից ծով Հայաստան» հայեցակարգով և պահանջներ ներկայացնում Թուրքիային, Բաքվին ու Թբիլիսիին։

«Կիլիկիո կաթողիկոսությունը Ադանայի տարածքում 2000 քմ խանութի տարածք է ունեցել: Ստամբուլի Գիզի հրապարակը, որի տարածքը 850 հազար քմ մակերես է, գնահատվում է մոտավորապես 2,5-3 մլրդ դոլար, և այդպես շարունակ,– իր բուն մասնագիտության շրջանակներում պահանջներ է ներկայացնում Պապյանն, ապա ավելացնում,– Թուրքիայի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ Բաքուն, Թիֆլիսն ենք կորցրել»։

Պարզվում է, որ Պապյանը հաշվել է ու եկել այն եզրակացության, որ Բաքվի շենքերի 44 տոկոսը պետք է պահանջել ու չմոռանալ Վրաստանի մայրաքաղաքի մասին։

Արա Պապյանը, փաստորեն, հսկայական գումարների տեղ գիտի, իսկ մենք՝ միամիտներս, գլխի չենք ընկել այդ մասին։ Կարծում ենք, որ Հայաստանի հաշվին դրսից փող «կպցնելու» հարցում մասնագիտացած Տիգրան Սարգսյանը պետք է լրջորեն ուսումնասիրի Պապյանի առաջ քաշած հարցերն ու անցնի գործի, իսկ Սերժ Սարգսյանն էլ հայ–թուրքական արձանագրությունների շրջանակներում պետք է բարձրացնի Գիզի հրապարակի ու Ադանայի տարածքի 2000 քմ–անոց խանութի հարցը (Սաշիկն այդ հարցում ահագին օգուտ կարող է տալ, քանզի նա մասնագիտացած է տարածքներ վերցնելու հարցում)։

Թե իրականում ովքեր են «թունդ պահանջատերերը» և ինչպես են ավարտում իրենց կարիերան, կարելի է դատել Գերմանիայում ՀՀ ապագա դեսպանի պատմությանը ծանոթանալով։

Այն, որ Արա Պապյանը կարող է պահանջատիրությունը բիզնես դարձնել, զարմանալի չէ։ Հայ իրականության մեջ նմանատիպ բիզնեսմենները, ցավոք, շատ են եղել ու կան։ Ու ինչքան շատ են եղել պահանջատերերը, այնքան փոքրացել է Հայաստանը։

Զարմանալին այն է, որ Արա Պապյանը մի ժամանակ եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Բայց դա արդեն իր խնդիրը չէ։ Դա ցույց է տալիս մեր պետական կառավարման համակարգի անկատարությունը (մեղմ ասած)։

Եվ ուրեմն, քանի դեռ մենք չենք մաքրել քաղաքական, հասարակական, լրատվական ու փորձագիտական դաշտը ավանտյուրիստներից, անմեղսունակներից և ղուկասղուկասյաններից, Հայաստանը նորանոր փորձություններից զերծ մնալու շանս չի ունենա։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Իշխանական «մուտիլովկաների» տարածման գործում մասնագիտացած և գեբելսյան քարոզչամեքենայի մեծ պտուտակներից մեկի վերածված «1in.am» կայքի աշխատակիցը վերջերս հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ու նեղացել Թուրքիայից, որ այդ պետությունն իներցիոն քաղաքականություն է վարում Կովկասում և չի փորձում իրենով լցնել տարածաշրջանն ու այստեղից դուրս մղել ռուսներին։

Փաստորեն, այդ «փորձագետի» «արևմտամետությունն» այն աստիճանի է հասել, որ նա պատրաստ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համատեղ ռուսական ներկայությունն այստեղից վերացնել՝ բնականաբար, Ղարաբաղի գնով։ Սա 5–րդ շարասյան ներկայացուցչի հոգու ճիչն է, այն էլ՝ ադրբեջանական լրատվամիջոցում։

Եթե մենք նորմալ պետություն ունենայինք և մեղսունակ իշխանություն, ապա թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող նմանատիպ դիվերսանտները ոչ թե իշխանամետ լրատվամիջոցի աշխատակից կլինեին, այլ լրիվ այլ հիմնարկության «բնակիչ» (շատ երկար ժամանակով և հատուկ ռեժիմով)։ Բայց քանի որ Հայաստանում «նախաձեռնողական» իշխանություն է, 5–րդ շարասյունը լկտիացել է և բացահայտ է գործում։

Ի դեպ, պահանջատեր արապապյանների ու Թուրքիային օգնության կանչող ղուկասղուկասյանների տարբերությունը զուտ ձևական է։ Դրանք մեդալի երկու երեսներն են ու զբաղված են հակապետական գործունեությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը