Մեկնաբանություն

04.10.2013 19:34


Դիրքավորվելու ժամանակը` բարիկադների հակառակ կողմերում

Դիրքավորվելու ժամանակը`  բարիկադների հակառակ կողմերում

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթով կրկին ապացուցեց, որ իր իշխանությունը հիմնված է բացառապես կեղծ արժեքների և իմիտացիոն գործընթացների վրա:

Հայաստանից հեռու` Եվրոպայում, նախագահի աթոռը զավթած անձը խոսում էր ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, քաղաքացիական հասարակությունից, որոնք իբրև ձևավորվել կամ ծլել-ծաղկել են իր իշխանության տարիներին:

Ահա այս ելույթից հետո Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություն կատարի`շարունակում է ապրել Սերժ Սարգսյանի կեղծ ժողովրդավարական պետությունո՞ւմ, թե՞ ցանկանում է հիմնել իրական ժողովրդավարական պետություն: Այս հարցը շատ պարզ և հստակ դրված է մեզանից յուրաքանչյուրի առջև, յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ դիրքից, պաշտոնից, սոցիալական վիճակից, հին ու նոր մեղքերի քանակից, կուսակցական պատկանելությունից և անգամ այսօր մոդայիկ դարձած՝ աշխարհաքաղաքական մոտեցումներից:

Արժեհամակարգային կամ գաղափարախոսական ընտրությունը յուրաքանչյուր քաղաքական կառույցի կամ գործչի ներքին ընտրությունն է, որի շուրջ էլ միավորվում են տարբեր մարդիկ և ձևավորում քաղաքական ուժ: Իսկ արտաքին հարաբերություններում` միջկուսակցական կամ միջպետական, քաղաքական կառույցի կամ գործչի միավորման գլխավոր պայմանը ընդհանուր շահն է:

Այս պահին հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը կամ անհատները, քաղաքացիական խմբերը պետք է հստակ ձևակերպեն իրենց նպատակները, ըստ որի էլ կդիրքավորվեն բարիկադների այս կամ այն կողմում:

Իսկ բարիկադների կողմերը շատ հստակ են` կա՛մ Սերժ Սարգսյանի հետ ես (իսկ իրականում՝ տակ, քանի որ Ազատիչը երբեք չի ունենում դաշնակիցներ), կա՛մ Սերժ Սարգսյանի դեմ, այն է՝ Հայաստանի կողմ: Բոլոր այն մարդիկ, ովքեր տարատեսակ բացատրություններով չեն ընդունի այս բաժանումը, կամա թե ակամա, կհայտնվեն Սերժ Սարգսյանի տիրույթում` նրա վերահսկողության տակ:

Ձևակերպված քաղաքական միակ օրակարգի` Սերժ Սարգսյանին իշխանությունից օր առաջ հեռացնելու և ժամանակակից տնտեսաքաղաքական հարաբերություններ կառուցելու շուրջ էլ պետք է տեղի ունենա քաղաքական, հասարակական լայն կոնսոլիդացիա:

Ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուրն իր կուլիսային կամ չկողմնորոշված քաղաքականությունը դարձնի հրապարակային և դիրքավորվի բարիկադների այս կամ այն կողմում: Սկսվում է քաղաքական բնական մի գործընթաց, որտեղ արհեստական ոչ մի միջամտություն դերակատարում չի կարող ունենալ:

Սերժ Սարգսյանի հիմնական զենքը արհեստական օրակարգեր ձևավորելն ու կեղծ կատեգորիաներով մանիպուլյացիաներ կազմակերպելն է։ Բարիկադային հստակ բաժանումը կպայթեցնի այդ տեխնոլոգիան ու կդառնա փոփոխություններին նպաստող գործոն։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը