Մեկնաբանություն

05.10.2013 16:28


Արտագաղթի և «տիեզերագնացության» նախարարության հոբելյանը

Արտագաղթի և «տիեզերագնացության» նախարարության հոբելյանը

Մինչ Սփյուռքը խոր նիրհի մեջ է և արագ տեմպերով համալրվում է ՀՀ քաղաքացիներով՝ Հայաստանում մեկնարկել է Սփյուռքը «համակարգող» գերատեսչության հոբելյանական միջոցառումները:

«ՀՀ սփյուռքի նախարարությունն իր 5ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպում է միջոցառումների շարք, որը ներառում է շնորհանդես, մրցանակաբաշխություն, ցուցահանդես, ընդունելություն, պարգևատրում, այցելություններ, համերգներ»,- տեղեկանում ենք նախարարության կայքէջից:

Այսպիսով, Հրանուշ Հակոբյանը ձեւավորում է «քաղաքական նոր մշակույթ»:

Սեփական անելիքը չիմացող եւ պարապությունից հորանջող նախարարության աշխատակազմի համար, ահա, տիկին նախարարը զբաղմունք է գտել:

Ի դեպ, սփյուռքահայերն էլ, որ ամեն օր սոցցանցերում խնդրում են հայաստանցիներիս բացատրել, թե ո՞րն է Սփյուռքի նախարարության առաքելությունը, վերաջապես կհասկանան, թե ինչ կարեւոր գործով է զբաղված Հրանուշ Հակոբյանը: Նա եւ նրա ենթակաները տոնում են իրենց հնգամյա «հայանվեր» գործունեության հոբելյանական տարեդարձը:

Ավաղ, նախարարության կայքեջում նշված չէ, թե ովքեր են հրավիրված հոբելյանական միջոցառումներին:

Երեք տարի առաջ, գիտեք՝ տիկին նախարարի հրավերով Հայաստան ժամանեց աշխարահռչակ ֆիզիկոս եւ ապագա տիեզերագնաց Արթուրը, որին Հրանուշ Հակոբյանը նվիրեց նախարարական իր թանկարժեք ժամանակի մեծ մասը: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ տիկին Հակոբյանի առաջին եւ ամենակարեւոր հյուրը սովորական շուլլեր է:

Ինչեւէ, կարծում ենք՝ նախարարության 5-ամյակի կապակցությամբ հրավիրյալների ցուցակում Արթուրի անունը նշված չէ: Ասում են, նախարար Հակոբյանը կոմերիտական ազնիվ խոսք է տվել, որ Արթուրը հաջորդ անգամ իր կաբիտետ կմտնի միայն այն դեպքում, երբ կթռչի եւ կվերադառնա տիեզերքից: Ի դեպ, Արթուրն արդեն տիեզերքում է եւ նախարարություն կհասնի միայն 6-րդ տարեդարձի օրը:

Այնուամենայնիվ, փորձենք պարզել՝ ինչի վրա են ուրախանում այս նախարարության աշխատակիցները եւ նրանց ղեկավարը:

Ինչ «ձեռքբերումներ» են արձանագրել անցած 5 տարիների ընթացքում:

Թերեւս, տիկին նախարարի միակ «ձեռքբերումն» այն է եղել, երբ կառույցի ստեղծման առաջին իսկ օրերին Հրանուշ Հակոբյանն ակտիվորեն լծվեց «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի սփյուռքյան շրջագայություններում հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման անհրաժեշտությունը քարոզելու գործին:

Երկուսով Ամերիկան, Մերձավոր արևելքը, Եվրոպան ու Ռուսաստանը ոտատակ տվին՝ աժանանալով սփյուռքահայության բողոքի եւ ընդվզման, մեկնարկած գործընթացը դատափետելու տեսարանների:

Սրան հաջորդեց «Արի տուն» զվարճապատումը: Եվ որքան ակտիվորեն տիկին Հրանուշը սկսեց իրագործել իր այս ծրագիրը, այնքան ավելի մեծացան արտագաղթի ծավալները:

Հայտնի է՝ վերջին 5 տարում երկիրը լքել է մոտ 300 հազար մարդ: Ինչը լավագույնս է բացահայտում այս նախարարության գործունեության ՕԳԳ-ն: Զրոյական է, ավելի ճիշտ՝ մինուս նշանով:

Այնպես, որ 5-ամյակի կապակցությամբ կարելի է նախարարությունը վերանվանել Արտագաղթի նախարարություն, քանզի այս անունը լիարժեքորեն համապատասխանում է Հայաստանում վարվող քաղաքականությանը և սույն կանտորայի առաքելության իրական բովանդակությանը:

Ի դեպ, սիրիահայերն հետեւելով Հրանուշ Հակոբյանի տոնական ծախսերին՝ ավելի ու ավելի են վհատվում, քանզի գնալով ավելի ու ավելի են համոզվում, որ իրենց համար հռչակված բնակարանաշինության ծրագիրը ոչ թե իրագործվելու է Աշտարակում, այլ՝ վերացական «Հայկական աշխարհում»: Դե, գիտեք՝ այս ցնորամիտ գաղափարն ամենից շատ սիրում են վարչապետն ու Սփյուռքի նախարարը:

Իսկ իրականում տիկին Հրանուշը իրագործում է պիոներ-պալատային մակարդակի ծրագրեր. «Կոմիտաս վարդապետ» փառատոն, «Մայրենիի» փառատոն, ասմունքի փառատոն եւ այլն:

Ու նաեւ մեդալներով է պարգեւատրում իր կուսակիցներին և նախկին ենթականերին, ինչպես օրինակ վերջերս նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեց Արտակ Զաքարյանին:

Հա, մեկ էլ, տիկին նախարարը սիրում է ուռճացնել մակաբույծներով համալրված իր նախարարության աշխատակազմի անդամների թիվը: Մի տեղակալը քիչ համարելով՝ երկրորդն ուզեց եւ ստացավ: «Սերժիկ» անունը շատ սիրող Հրանուշ Հակոբյանը հիմա հենց այդ անունով տեղակալ ունի:

Այնպես որ՝ «Հայաստան-Սփյուռք գործակցությունը», ինչը խթանելուն է կոչված այս կանտորան՝ այս թափով ու տեմպով «կայանում ու զարգանում» է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը