Լրահոս

22.07.2009 15:09


ՀՀ վարչապետ. «Հայաստանը չի հասնի վատագույն սցենարին»

«Տնտեսական անկման ցուցանիշը դեռևս մնում է երկնիշ, դա  բավական բարձր է։ Մինչև տարվա վերջ Ձեր կանխատեսումները փոխվե՞լ են, թե՞ ոչ» հարցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է.

-Մենք մեր կանխատեսումների վերաբերյալ մեր կարծիքները ներկայացրել ենք։ Փառք աստծո,  վերջին 6 ամիսների տվյալները, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց, վկայում են այն մասին, որ արդեն դրական միտումներ արձանագրվում են. անկման տեմպն ավելի ցածր է, քան մենք կանխատեսում էինք, և հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացնում ենք, արդեն իրենց դրական արդյունքը տալիս են։ Մասնավորապես, կարող ենք նշել 6-րդ ամսվա ընթացքում շինարարության կտրուկ աճը, որն էապես մեղմեց անկման տեմպը: Եվ մնացած մակրոտնտեսական ցուցանիշներով էլ անկման տեմպերի նվազում արձանագրվեց այս 6 ամսվա կտրվածքով, ինչը հույս է ներշնչում, որ մենք տարվա վերջում կունենանք ավելի բարվոք իրավիճակ՝ ՀՆԱ-ի ցուցանիշի աճի ներքո։

Ավելի բարվոք իրավիճակը Տիգրան Սարգսյանը բացատրեց նրանով, որ Հայաստանը չի հասնի վատագույն սցենարին, այսինքն՝ 20-տոկոսանոց անկման ցուցանիշի։

Ինչ վերաբերում է «Վերջիվերջո, ինչի՞ հետևանք է ՀՀ տնտեսական անկման երկնիշ ցուցանիշը, և արդյոք դա չի՞ նշանակում, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է» հարցին, ապա Տիգրան Սարգսյանն ասել է, որ եթե հայտնաբերվեն ֆինանսական և տնտեսական ճգնաժամի մեղավորները, որն իր բացասական ազդեցությունը թողել է Հայաստանի վրա, կգտնվի նաև այդ հարցի պատասխանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը