Մեկնաբանություն

07.10.2013 12:40


Ինչո՞ւ են հիշել Սամվել Բաբայանի նամակների մասին

Ինչո՞ւ են հիշել Սամվել Բաբայանի նամակների մասին

Իշխանությունների գործընկեր հանդիսացող կայքերն իրար «պաս» տալով՝ արտատպում են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար և պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի նամակները՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։

Սկզբում «Առավոտ» կայքն է տեղադրում տարիների վաղեմություն ունեցող այդ նամակները, այնուհետև մյուսները, հղում տալով «Առավոտին», արտատպում են դրանք։

Թե ինչ նպատակով են իշխանությունները կամ նրանց գործընկեր լրատվամիջոցները հիշել Սամվել Բաբայանի նամակների մասին, այլ խոսակցության թեմա է։ Քաղաքական խոհանոցին տեղյակ մարդիկ կարող են ոչ մեծ դժվարությամբ գլխի ընկնել։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է «հույժ գաղտնի» կոդի տակ գրված նամակները որպես սենսացիա ներկայացնելուն, ապա պետք է նշել, որ դրանք վաղուց են հանրության դատին ներկայացվել, ընդ որում՝ հենց Սամվել Բաբայանի կողմից։

Ինչպես Ռ. Քոչարյանին, այնպես էլ Վ. Սարգսյանին ուղղված նամակների բովանդակությունը ներկայացվել է Սամվել Բաբայանի գործունեությանը նվիրված «Տվե՛ք ինձ հերոսին» եռամաս ֆիլմում (2007թ.)։

Այդ նամակներն ամբողջությամբ տպվել են նաև Հենրիկ Խաչատրյանի, Գարեգին Ղազարյանի և Սիրվարդ Մարգարյանի հեղինակած «Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44» գրքում դեռևս 2008 թվականին։

Այնպես որ, երբ լրատվամիջոցները որպես բացառիկ և նոր բացահայտված նյութ են ներկայացնում Բաբայանի նամակները, «մի փոքր» սխալվում են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը