Մեկնաբանություն

07.10.2013 13:55


Խոր և համապարփակ ձախողում

Խոր և համապարփակ ձախողում

Մինչև սեպտեմբերի 3–ը Բաղրամյան 26–ին կցված քարոզչամեքենան շեփորահարում էր «արևմտամետ» Սերժ Սարգսյանի մասին և քննադատության ենթարկում «ռուսամետ» հռչակված ուժերին։

Կյանքը, սակայն, դաժան փորձության ենթարկեց բոլորին «այո» ասող այս իշխանությանը և «փչացրեց» այն լրատվամիջոցներին, որոնք սնվում էին Բաղրամյան 26–ից ու կառավարությունից։

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանն արդեն ավարտել էր ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի խոր ու համապարփակ համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 3 տարի, բայց սեպտեմբերի 3–ին խոր և համապարփակ նվաստացման ենթարկվելով՝ հայտնվեց Մաքսային միության «չուլանում»՝ ծանր վիճակի մեջ դնելով նաև մեր պետությանը։ Մեզ հիմա չեն հարգում Մոսկվայում և չեն վստահում Բրյուսելում։

Ս. Սարգսյանին այս ամենից հետո այլ բան չի մնում, քան Մոսկվայի քաղաքապետին շնորհավորելն ու Պուտինի ծննդյան կապակցությամբ արևելյան ոճի քծնանքային ուղերձ հղելը։ Չէր խանգարի նաև ՌԴ գուբերնատորների, նրանց կանանց և սիրուհիների ծննդյան օրերը ճշտելը. կարող է պետք գալ։

Նկատենք, որ քծնանքի ու «դավանափոխության» գործում Ս. Սարգսյանից հետ չի մնում նաև մյուս «արևմտամետ» Սարգսյանը՝ Տիգրանը։ Նա չարթերային ու թանկարժեք թռիչքով (բնականաբար, բյուջեի հաշվին) գնում է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի լիզի իր թքածն ու հայտարարի, թե Մաքսային միության մեջ մտնելն իր մանկության երազանքն է եղել։

«Խոխման» այն է, որ Կրեմլում մտածում են, թե ինչպես Հայաստանին չմտցնեն Մաքսային միություն, քանզի ի սկզբանե նման նպատակ չեն ունեցել։ ՌԴ–ն ընդամենը չէր ուզում, որպեսզի ՀՀ–ն ԵՄ–ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր կնքի, բայց չէր պատկերացնում, որ մի հատ «փըխկ»–ից հետո «արևմտամետ» Սերժ Սարգսյանը կայծակնային արագությամբ դառնալու է «Պուտինի վկա»։ Սարգսյանն այնքան խոր ու համապարփակ անցավ ռուսների տակ, որ անակնկալի բերեց ոչ միայն եվրաօլուխներին, այլ նաև ռուսական իստեբլիշմենտին։

Բայց սա դեռ վերջը չէ։ Ինքնանվաստացման գործընթացը շարունակվում է։ ԵԽԽՎ–ում հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը քաղաքական մասով, այդուհանդերձ, ուզում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, ցույց է տալիս, որ Սարգսյանը դեռ հավատարիմ է մնացել «նախաձեռնողական» քաղաքականությանը։

Բոլորն էլ, իհարկե, գիտեն, որ առանց տնտեսական բաղադրիչի՝ քաղաքական մասով ԵՄ–ի հետ ասոցացվելը իմիտացիոն բնույթ ունի, և ոչինչ չնշանակող բան է։ Սակայն Սարգսյանին հենց այդ իմիտացիան էլ պետք է, որպեսզի ցույց տա, թե, իբր, հասել է իր ուզած «և, և»–ին։ Բայց դե դա, ինչպես ասում են, «ասոցացված» սրտի «մաքսային» մխիթարանքն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը