Մեկնաբանություն

08.10.2013 22:55


«Օֆշորային ֆիդային» եւ նրա ջոկատը

«Օֆշորային ֆիդային» եւ նրա ջոկատը

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց

եւ քնանալուց առաջ,

յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել

ձեր ազգի համար»:

Մեր կառավարությանը վերջապես հաջողվեց ազգին ցույց տալ, թե ինչ է անում նրա համար: Վերցրեց ու հագավ զինվորական համազգեստ եւ հրացանը, նագանն ու մոսին ձեռքին՝ լուսանկարվեց:

Ավաղ, որպես արձագանք ստացավ համազգային քրքիջ: Տեսնելով կառավարության անդամների խնամված դեմքերին բացարձակապես չհամապատասխանող «կամուֆլյաժները» քիչ էր մնում երգեինք.

Օսմանցու դեմ զենք բարձրացրիր,

Ահեղ կռիվ դու մղեցիր,

Հայրենիքդ պաշտպանեցիր,

Թշնամուն դուրս շպրտեցիր:

Պարզ է՝ զինվորական համազգեստով կառավարության նիստ անցկացնելու գաղափարի հեղինակը «օֆշորային ֆիդայի» Տիգրան Սարգսյանն էր: Բայց ինչպես նրա բոլոր գաղափարները, այս մեկի իրագործումից հետո էլ կառավարությունը խաղք ու խայտառակ եղավ:

Տիգրան Սարգսյանի «ռազմահայրենասիրական» ակցիան հանրությանը ստիպեց վերստին հիշել, թե էս՝ «սարերից իջած մի խումբ ձիավորներից» քանիսն է անցել զինվորական ծառայություն:

Նորից ու նորից արձանագրեցինք, որ վարչապետի գլխավորությամբ առնվազն 12 բարձրաստիճան պաշտոնյա բանակում չի ծառայել: Էլ չենք խոսում նրանց զավակների մասին, որոնք զորամասի տեղը չգիտեն:

Ուրեմն՝ ինչ իմաստ ուներ խաղալ զինվորների դերեր՝ հանրության աչքում կառավարության նիստը վերածելով բուֆոնադի:

Մանավանդ, երբ նույն հանրությունն, ուղղակի, համոզված է՝ եթե Աստված չանի, հանկարծ պատերազմ սկսվի, այս «զինվորները» առաջինն են «թռնելու» երկրից կամ մկան ծակին հազար թուման են տալու:

Այնուհանդերձ, նաեւ չենք կարող չնկատել, որ փոքր-ինչ տխուր բան կա այս ամենում:

Երկիրը, որ գտնվում է չավարտված պատերազմի պայմաններում՝ թվում է, ժողովուրդը պետք է զուսպ արձագանքեր այս տեսարանին: Ավաղ, «առաջին պատրաստության» եկած կառավարության կեցվածքը միանգամայն հակառակ էֆեկտն ունեցավ:

Պատճառը հայտնի է: Այնպես, ինչպես սրանք են կառավարում երկիրը, ժողովուրդը որեւէ հարցում չի կարող վստահել նման «զինվորներին»: «Զինվորներ», ովքեր գլուխները բարձին դնելուց ու քնելուց առաջ միայն ու միայն մտածում են իրենց մասին՝ այն մասին, թե որքան են հասցրել այդ օրը կողոպտել պետական գանձարանը եւ վաղն էլի որքան են թալանելու, այդպիսինների հանդեպ ոչ մի վստահություն չկա եւ չի կարող լինել:

Միայն անեծք կամ ծաղրուծանակ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը