Մեկնաբանություն

09.10.2013 00:05


Դեսպանի պաշտոնս ծննդյանդ քեֆին վնաս չէ

Դեսպանի պաշտոնս ծննդյանդ քեֆին վնաս չէ

Նախկին ՀՀՇ–ական, նախկին ՀԱԿ–ական, նախկին ազատդեմոկրատական, նախկին ... Մի խոսքով, «նյու» ՀՀՇ ստեղծելու ջատագով Արարատ Զուրաբյանն, անդրադառնալով ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելու թեմային, հայտարարել է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը նման առաջարկի չպետք է համաձայնվեր:

Վահան Հովհաննիսյանից դեռ արձագանք չկա։ Նրա փոխարեն, հավանաբար, կպատասխանեն կուսակից ընկերներն ու հուժկու հակահարված կտան «կոնկուրենտ» ֆիրմայի ներկայացուցչին։

Այն, որ ընդդիմադիր կեցվածք (նույնիսկ քայլվածք ու նայվածք) ունեցող գործիչը չպետք է սեղմեր Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը և չնստեր նրա առաջարկած աթոռին, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց երբ այդ մասին խոսում է մեկը, ով 2008–ից հետո իր մտավոր ու ֆիզիկական ամբողջ կարողությունը ներդրել և ներդնում է իշխանությունների հետ լեզու գտնելուն և նրանց ուրույն ծառայություններ մատուցելուն, մի փոքր անհարմար է ստացվում։

Եթե օֆշորային սկանդալում ներգրավված «Հայկական աշխարհը» ՀՀ բնակչության 10 տոկոսի հաշվին համալրած և պետական բյուջեն տարիներ շարունակ «ատկատահան» արած Տիգրան Սարգսյանը կարող է գերսկզբունքային, թունդ ընդդիմադիր և խիստ արևմտամետ Արարատ Զուրաբյանի ծննդյան քեֆի թամադան լինել, ապա ինչո՞ւ նույնքան սկզբունքային և ոչ պակաս թունդ ընդդիմադիր Վահան Հովհաննիսյանը չի կարող սեղմել «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր Սերժ Սարգսյանի ձեռքը «Նախագա՛հ, մի՛ զիջիր» ծրագրի շրջանակներում։

Այնպես որ, ով ով, բայց Ա. Զուրաբյանը թող Վ. Հովհաննիսյանի քայլը չգնահատի։ Դեռ հարց է, թե որ երևույթն է ավելի քննադատելի՝ Սերժից դեսպանի պաշտոն ստանա՞լը, թե՞ օֆշորագետից՝ կենաց։

Տիգրան Սարգսյանն այնպես է երկրի տնտեսության հերն անիծել, որ նրա հետ, ժողովրդական լեզվով ասած, չի կարելի անգամ մատաղ ուտել։ Իսկ ահա «արևմտամետ» Արարատը սեփական ծննդյան քեֆի մենեջմենտը վստահել է սեպտեմբերի 3–ից հետո «Նատաշայի» վերածված Տիգրանին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը