Լրահոս

09.10.2013 11:10


Գործարարը օֆշորի գործով դիմում է գլխավոր դատախազին

Գործարարը օֆշորի գործով դիմում է գլխավոր դատախազին

Գործարար Փայլակ Հայրապետյանը նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հորդորում է անմիջապես զբաղվել օֆշորի գործով՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանում ներգրավված:

«Գիտեք՝ 10 կամ 100 դոլար չէ, 11 միլիոն դոլարը տարել են, ու չկա: Ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, սրանց պատասխանները պետք է տրվեն: Շատ էլ որ վարչապետ է, թող կանչեն քննության: Կանչեք ասեք՝ ո՞ւր են գումարները: Վարչապետին ու Կճոյանին կանչեք քննության»,- ասում է Փայլակ Հայրապետյանը եւ շեշտում, որ ինքը պատրաստ է առերեսման:

«Երբ գնում էի Աշոտ Սուքիասյանի տուն, վարչապետն ու Կճոյանն այնտեղ էին: Եկեղեցու երգչախումբն էլ (Կճոյանի) հետն էր. էլ թատրոն, էլ կինո, ամեն ինչ ցույց էին տալիս... Կճոյանը վանք չէր էլ գնում. առավոտից իրիկուն այնտեղ էր, ոնց որ Սուքիասյանի աշխատողը լիներ: Կճոյանի նկարն էլ՝ խաչը վերեւը, էդ տանը՝ պատին փակցված: Բա կանչեք քննեք, մի հատ հարց տվեք…»,- ասում է Հայրապետյանը:

Այս գործով նախորդ ամիս Հայաստանից քննչական խումբ էր գործուղվել Կիպրոս: Փայլակ Հայրապետյանը, փոխանցելով քննիչի խոսքերը, նշում է, որ գործի հետ կապված տվյալներն արդեն ստացվել են. «Բայց քննիչն ասում է՝ դեռ պատրաստ չեն, տվել ենք թարգմանության: Ինչ թարգմանություն է, ինչ են ուզում ասած կամ թարգմանած լինել, չեմ հասկանում»:

Դեռ մեկ ամիս առաջ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, որ երբ Աշոտ Սուքիասյանին հարցրել է, թե ինչ է արել բանկից վերցրած փողը, վերջինս սկսել է թվարկել. «…Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել բանկին»: Քննիչն էլ, ըստ Հայրապետյանի, միայն երկու օր առաջ իր հարցադրմանն ի պատասխան ասել է, որ այդ դրվագով մոտ օրերս իրեն կհրավիրեն ոստիկանություն:

«Բանտերը լցված են սրա-նրա գրպանից 10 հազար դրամ գողացողներով: Այստեղ մոտ 600 հազար դոլար ատկատի մասին է խոսքը, բան չեն անում: Այլանդակությունը, խաբեությունը հենց «Ամերիաբանկի» կազմածբիզնես ծրագրից է սկսել»,- ասում է գործարարը եւ հույս հայտնում, որ գլխավոր դատախազը միջոցներ կձեռնարկի, որպեսզի հարցաքննվեն նաեւ «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրեն, բանկի խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը:

«Մինչև ե՞րբ են սենց շարունակելու. երկրում մարդ չմնաց, այնքան են հուսալքվել, որ ունեւորներն էլ են գնում, վերջում մնալու են միայն իրենք: Իսկ արտագաղթի խնդիրը լուծելու համար արդարություն է պետք»,- ասում է Փայլակ Հայրապետյանը:

Աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/29915/gortsarary-ofshori-gortsov-dimum-e-glkhavor-datakhazin.html

Այս խորագրի վերջին նյութերը