Լրահոս

24.11.2010 18:06


Գնաճի պատճառով Գյումրիի բնակչության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացել

Համաձայն Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվության' Հայաստանում ընդհանուր միջինացված  գնաճը կազմում է 8,6%: Այս փաստը առավել սրությամբ իրենց վրա զգում են մարզերի բնակիչները, քանի որ այստեղի եկամուտները էականորեն զիջում են Երևանին: Վերջին շրջանում Գյումրիի բնակչության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի պատճառով. բնակչության եկամուտներում էական աճ չի նկատվում, իսկ փոխարենը գրեթե բոլոր ոլորտներում ծառայություններն ու ապրանքները շեշտակի թանկանում են:

«Իբր աշխատավարձ ու թոշակ են բարձրացնում՝ 2500 դրամով։ Դրանով ի՞նչ հոգս հոգանք: Կառավարությունում նստած՝ իրենց գրպանների մասին են մտածում։ Թե ժողովուրդն ինչո՞վ է ապրում, իրենց վեջը չէ»,-ասել է Գյումրու բնակիչ Վարդան Գրիգորյանը:

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ Հայաստանում գնաճը պայմանավորված է խիստ սուբյեկտիվ գործոններով։

-Պատճառը մրցակցության ոչ բավարար մակարդակն է: Եթե մենք համեմատում ենք ԱՄՆ-ի հետ, որտեղ բնակչության կենսամակարդակը անհամեմատելի է Հայաստանի հետ, ապա տեսնում ենք, որ շատ ապրանքատեսակների գծով գները ավելի ցածր են, քան Հայաստանում, քանի որ էնտեղ մրցակցություն կա: Գնաճի զսպման հիմնական գործիքը մրցակցության խթանումն է: Այսօր պաշտոնապես էլ հայտարարվում է՝ հայաստանյան հիմնական ապրանքային շուկաների՝ պարենային, կենցաղային իրերի, վառելիքի, բոլորս գիտենք, 70-80%-ը աչքի է ընկնում համակենտրոնացման բարձր մակարդակով,-մեկնաբանել է Արմեն Քթոյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը