Մեկնաբանություն

09.10.2013 15:27


Ադրբեջանում «հաղթում» է Սերժ Սարգսյանի ցանկալի թեկնածուն

Ադրբեջանում «հաղթում» է Սերժ Սարգսյանի ցանկալի թեկնածուն

Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարել էր, թե Հայաստանի համար ձեռնտու կլինի, որպեսզի Ադրբեջանում նախագահի պաշտոնում մնա Իլհամ Ալիևը։

Դժվար է միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե ինչու Սարգսյանն այդքան բուռն ցանկություն հայտնեց Ադրբեջանի նախագահի աթոռին տեսնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին ազգային հերոս հռչակող, Երևանն ու Ստեփանակերտը գրավել ցանկացող, գրեթե ամեն օր սահմանագծում հայ զինվորի վրա դիպուկահարների քսի տվող և հակահայկական ֆաշիզմ քարոզող Իլհամին։

Ճիշտ է, Սարգսյանն ինչ–որ բացատրություններ ներկայացրեց, թե ինչու է «բալետ» անում Ալիևին, բայց դրանք, մեղմ ասած, ծիծաղելի բացատրություններ էին։

Ադրբեջանի սուլթանի պատասխանը չուշացավ։ Նա էլ իր հերթին ցանկություն հայտնեց Հայաստանի նախագահի պաշտոնում մշտապես տեսնել Սերժ Սարգսյանին, բայց, ի տարբերություն վերջինիս, Ալիևը հիմնավորեց իր ցանկությունը։

«Որքան երկար Հայաստանի իշխանության ղեկին մնա ներկայիս ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, այնքան արագ մենք կկարողանանք վերադարձնել մեր հողերը: Այդ մարդն ու իր շրջապատը Հայաստանը դեպի անդունդն են տանում: Համաձայն նրանց սեփական պաշտոնական վիճակագրության` ամեն տարի 80 հազար հայ լքում է երկիրը:Եթե այդպես գնա, ապա 5-6 տարի հետո Հայաստանում մնալու է մեկ միլիոնից էլ պակաս մարդ»,– հայտարարել էր Ալիևը։

Ահա այսպիսի փոխադարձ հաճոյախոսություններով հանդես եկան իրար դեմ պատերազմող երկրների նախագահները, որոնց քաղաքական շահերը ցավալիորեն համընկնում են, և խոր հակասության մեջ են Հայաստանի շահերի հետ։

Ի դեպ, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրություններում Ալիևը տոկոսներ է «խփում»։ Դրանք մինչև 90 են հասել և նույնիսկ անցել։ Խոսքն «էքզիտ փոլի» ներկայացրած տվյալների մասին է (Ադրբեջանում էլ իրենց ադիբեկյաններն ունեն)։ Թե ինչպիսի արդյունք կարձանագրվի իրականում, պարզ կդառնա շատ շուտով, բայց շուտվանից էլ պարզ էր, որ Ալիևի տոկոսները սուլթանական են լինելու։ Իսկ դա լրացուցիչ պատճառ կարող է դառնալ, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի երկրպագել Ալիևին ու բարի նախանձով լցվել վերջինիս հանդեպ։

Այն, ինչ չհաջողվեց Սարգսյանին, հաջողվում է Ալիևին։

Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ Սարգսյանն ուզում էր առնվազն 60 տոկոս «խփել», բայց խիարը թարս բուսնեց, և նա բավարարվեց «ընդամենը» 58 տոկոսով՝ չկատարելով նվազագույն պլանը։ Իսկ ահա Իլհամը Բաքվում տոկոս է «խփում» ու չի խնայում։ Բա այդքանից հետո ինչպե՞ս Սարգսյանը դրական խոսքեր չշռայլի նրա հասցեին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը