Մեկնաբանություն

09.10.2013 17:20


Ռոբերտ Ամիրխանյանի հեռանալու ժամանակը

Ռոբերտ Ամիրխանյանի հեռանալու ժամանակը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեք ամիս առաջ նամակ է գրել Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: Նամակում արծարծվում են երաժշտական աշխարհին հուզող մի շարք կարեւոր հարցեր, որոնց Ամիրխանյանը համառորեն չի անդրադառնում: Ավելին, երբ Tert.am-ի թղթակիցը Ռոբերտ Ամիրխանյանից փորձել է հետաքրքրվել, թե ինչու նա պատգամավորին չի պատասխանում, ստացել է անհեթեթ եւ զավեշտով լեցուն պատասխան: Իսկ մինչ այդ պատգամավորի աշխատակազմի ներկայացուցիչներն էին փորձել ճշտել, թե ինչու միության նախագահը չի պատասխանում նամակին եւ ստացել են բացառապես կոպիտ պատասխաններ:

Հիմա Ռոբերտ Ամիրխանյանը Նաիրա Զոհրաբյանին առաջարկել է զբաղվել իր գործով, չհասկանալով, որ պատգամավորը հենց իր գործով էլ զբաղվում է, քանի որ բարձրացվել է երաժշտական աշխարհին հուզող կարեւոր հարցեր: Ռոբերտ Ամիրխանյանն իրեն բնորոշ ցածր մակարդակով նաեւ հայտարարել է, թե ինքը Նաիրա Զոհրաբյանից չի վախենում եւ նամակում բարձրացված հարցերին կանդրադառնա, երբ հարմար գտնի: Իսկ նա հարմար է գտել այդ հարցերին անդրադառնալ կոմպոզիտորների միության համագումարի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
Ի դեպ, միության անդամները ցանկանում էին ստանալ նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու Ամիրխանյանը համառորեն համագումար չի հրավիրում: Ամենահետաքրքիրն այն է, որ Կոմպոզիտորների միությունը համագումար պետք է հրավիրեր եւ նախագահ ընտրեր դեռ 2.5 տարի առաջ: Ստացվում է, որ միությունը չունի ընտրված նախագահ, վարչություն եւ ոչ էլ վերստուգիչ հանձնաժողով: Այլ կերպ ասած, ինչպես նշում են հենց միության անդամները, այս ընթացքում միությունը օրենքից դուրս է գործել: Սա չի խանգարել քաջ եւ անվախ Ռոբերտ Ամիրխանյանին, որ նա կարեւոր ֆինանսական փաստաթղթեր ստորագրի:
Մյուս հարցը, որ հուզում է միության անդամներին այն է, որ Ամիրխանյանը համառորեն չի ցանկանում Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանակոչել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունով: Ըստ շրջանառվող լուրերի, Ամիրխանյանը պարզապես ցանկանում է վաճառել այդ հրաշալի շենքը, որը այժմ ավերակներ է հիշեցնում: Իսկ համապատասխան առաջարկով Ամիրխանյանին դիմել են ոչ միայն հայ կոմպոզիտորները, այլ նաեւ Յուրի Բաշմետը, Մայա Պլիսեցկայան եւ այլ անվանի օտարերկրյա երաժիշտներ:
Կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ Ռոբերտ Ամիրխանյանը հեռանա, հանգիստ թողնելով երաժշտական աշխարհը: Նրանից դժգոհություններն այնքան շատ են, որ թվարկելը միայն օրեր եւ ամիսներ կտեւի: Միայն այն, որ ըստ շրջանառվող լուրերի նա պատնեշներ է կառուցում երիտասարդ երաժիշտների առաջ, արդեն իսկ բավական է, որ նա թողնի միության նախագահի պաշտոնը: Բացի այդ, մի մարդ, որը տարեց կնոջը, հայտնի գրող Աղասի Այվազյանի կնոջը վիրավորում է փողոցային երիտասարդի նման՝ ասելով, որ եթե նա կին չլիներ, կջարդեր նրա մռութը, հաստատ արժանի չէ Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնին:

Արամ Գալստյան

Աղբյուրը՝ http://top-news.am/11/1/news/23921.html

Այս խորագրի վերջին նյութերը