Տնտեսական

09.10.2013 17:50


Անցկացվեց «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» քննարկումը

Անցկացվեց «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» քննարկումը

Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, ստանում է շատ քիչ բան՝ միաժամանակ կորցնելով արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու ինքնիշխանությունը: Այս մասին նշեց տնտեսագետ, փորձագետ Վահագն Ղազարյանն այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ անցկացված «Հայաստանիսոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» խորագրով քննարկմանը:

Ղազարյանը փաստեց, որ ԵՄ-ի տարածքը 5 անգամ փոքր է ՄՄ-ի տարածքից, սակայն համաշխարհային տնտեսության մեջ ԵՄ-ի մասնաբաժինը 6 անգամ ավելի մեծ է, քան ՄՄ-ինը:Նրա խոսքով՝ ՄՄ-ում այս պահին մաքսատուրքերի 70 տոկոսն ավելի բարձր է, քան Հայաստանում: Բարձրացնելով իր մաքսատուրքերը՝ Հայաստանը բարդացնելու է ոչ ՄՄ-ումարտադրված ապրանքների մուտքը դեպի երկիր:

Տնտեսագետ, փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ այս տարվա ինը ամսում Հայաստանի արտահանումը կրկնել է նախորդ տարվա տվյալները, բայց տեքստիլի ոլորտում աճ է գրանցվել: Մակարյանը դժվարացավ ասել` Հայաստանը միանալով ՄՄ-ին, կկարողանա՞ պահպանել տեքստիլի ոլորտում արտահանման աճը, երբ այս ոլորտի արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է եվրոպական երկրներ:

Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը նշեց, որ ՄՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը չի կորցնի եվրոպական շուկան, քանի որ Եվրոպա է արտահանում հիմնականում հանքահումքային արտադրանք, որից ոչ մի երկիր չի հրաժարվի:

Տնտեսական գիտությունների թեկնածու, փորձագետ Արտակ Մանուկյանն ընդգծեց, որ ԵՄ փորձագետներն էական տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին պետական գնումների համակարգը էականորեն բարելավելու գործում, և ՄՄ անդամ-երկրներն օրենսդրության տեսանկյունից էականորեն զիջում են ՀՀ-ին:

Մանուկյանի խոսքով՝ ԵՄ-ում պետական գնումների մասին օրենսդրությունը բավականաչափ կայուն է, բարվոք վիճակում՝ ի տարբերություն ՄՄ անդամ երկրների, որտեղ այդ օրենսդրությունը հաճախակի փոփոխվում է:

Արտակ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ-ն և ՄՄ-ն համադրելի են մշակութային առումով. ընդհանրություններ կան լեզվական մտածողության, ինչպես նաև կոռուպցիան որպես առաջին քայլ դիտարկելու, պետական չինովնիկների մոտեցումների մեջ: Մանուկյանի խոսքով՝ եթե Հայաստանի նպատակը սա է, ուրեմն ճանապարհը ճիշտ է ընտրված:

«Ռուսաստանը էքսպորտ է անում նավթ, գազ և կոռուպցիա: Հիմա մենք գնում ենք այդ սիստեմ»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Գագիկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանն ամենևին էլ չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործակցությունից: Նրա խոսքով՝ այսօր աշխարհում կա մոտ տասը մաքսային միություն, որոնց անդամ-երկրների համատեղ շրջանառությունն ու ներդրումներն աճում են:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ՄՄ-ին միանալու կողմնակիցները չեն պատկերացնում, որ դա դեմ է Հայաստանի պետական ինքնիշխանությանը: Այսպես, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում վերազգային որևիցե կառույց, որի որոշումները պարտադիր լինեն ՀՀ պետական կառույցների համար: Մինչդեռ գործող ՄՄ-ի երեք պետությունների համար կա տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր են:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Հայաստանը կանգնած է անհամեմատ ավելի մեծ խնդրի առաջ, քան ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ընտրություն կատարելն է. երկիրը կանգնած է ինքնիշխանության կորստի այնպիսի վտանգի առջև, ինչպես եղել է 1920 թվի վերջում:

Քննարկման վարող, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը համամիտ է, որ Հայաստանի կորցրածը շատ մեծ է: Ըստ Մինասյանի՝ խոսքը ԵՄ-ի կամ Ասոցացման համաձայնագրի մասին չէ, այլ մի գործընթացի, երբ ժողովրդավարական ինստիտուտները «սնանկացան»:

Այս խորագրի վերջին նյութերը