Լրահոս

10.10.2013 20:32


Օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կկրճատվեն էլեկտրական էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման արտոնագրի, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող շենք-շինությունների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, հողամասերի օտարումը կիրականացվի ուղղակի վաճառքով:

Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Գործադիրը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը: Նրանք առաջարկում են կոնտակտային ոսպնյակների, օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը դարձնել արտոնագրվող գործունեություն, ինչը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը: Կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի և այս տեսքով քննարկման ենթակա չէ:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը: Հիշեցնելով, որ 2014 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև զինվորական կենսաթոշակը, կառավարությունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ եկող տարվանից ներդրվելու է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգ` վերանայելով նաև զինվորական կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչը հնարավորություն կտա այս բնագավառում վարել էլ ավելի թիրախավորված քաղաքականություն: Ի մի բերելով այս և մի քանի այլ հիմնավորում` կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Գործադիրը դեմ է արտահայտվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այս խորագրի վերջին նյութերը