Լրահոս

10.10.2013 17:34


Դժգոհելով դատաիրավական համակարգի ապօրինություններից՝ մարդիկ մեղադրում են բոլորին

Դժգոհելով դատաիրավական համակարգի ապօրինություններից՝ մարդիկ մեղադրում են բոլորին

Դեռևս շատ են մարդիկ, ովքեր անտեղյակ են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և լիազորությունների շրջանակից: Առանձին անհատներ դժգոհում և ապատեղեկատվություն են տարածում մեր կառույցի գործունեության վերաբերյալ, երբ իրենց ցանկությունները մեր կողմից չեն կատարվում, նույնիսկ, երբ այդ ցանկությունները անօրինական են կամ անարդար: Նման մի անօրինական պահանջով մամուլում հանդես է եկել սպանության համար դատապարտված Արթուր Այվազյանը:

Արթուր Այվազյանը պահանջում էր միջամտել Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, որն, իր պնդմամբ, պատշաճ կերպով քննության չի առել և անարդար որոշում է կայացրել իրեն խոշտանգումների ենթարկելու գործի վերաբերյալ: Այս դեպքը այն բազմաթիվ դեպքերից է, որոնք չեն մտնում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ և ենթակա են լուծման միայն դատական կարգով: Բազմիցս նշել ենք, որ Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքների քննարկումը, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվում են բողոքըչքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, հոդված 10 և 15):

Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են դիմել Պաշտպանին՝ բողոքելով իրավապահ մարմինների գործողություններից: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, չվստահելով Հայաստանի դատարաններին, իրենց բոլոր խնդիրների լուծումը փորձում են գտնել Օմբուդսմենի ինստիտուտում, ցավով տեղեկացնում ենք, որ դատաիրավական համակարգի ապօրինություններից մարդկանց պաշտպանելու մեր օրենսդրական լիազորությունները խիստ սահմանափակ են: Նորից հիշեցնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության զգալի բեռը դրված է դատարանների վրա, իսկ թե որքանով են դրանք կատարում իրենց անմիջական գործառույթը, կարող է գնահատել յուրաքանչյուրը, ով առնչվում է դատաիրավական համակարգի հետ, որից հետո վրդովվում և փորձում է փնտրել մեղավորներ:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը