Մեկնաբանություն

11.10.2013 15:28


Փաթաթե՛ք Երևանը, ես այն գնում եմ

Փաթաթե՛ք Երևանը, ես այն գնում եմ

Հայաստանի մայրաքաղաքն, անշո՛ւշտ, անգին է։ Բայց եթե Երևանի նույն փողոցները մի քանի անգամ ասֆալտապատես, տոնակատարությունների վրա փող դուրս գրես, մայթերին «կանաչեղեն» տնկես ու այդ ամենի համար «ատկատների» մեխանիզմն աշխատեցնես, ապա կպարզվի, որ Երևանը գին ունի։ Ավելի ճիշտ՝ գին ունի Երևանի քաղաքապետ դառնալը՝ «փող–ընտրակեղծիք–փող» մարքսիստական բանաձևը հիշեցնող սխեմայի շրջանակներում։

Երևանի գինը որոշվում է նաև փողոցների վրա գծած կարմիր գծերով։ Ընդամենը մի քանի կգ ներկ, և դուք հավաքում եք փողոցում թափված փողերը։ Պարզապես պետք է ՀՀԿ ղեկավարի մանկության ընկերը լինել և հաջողացնել պետության հետ աշխատել 70/30 տոկոսային հարաբերակցությամբ։

Երևանն այնքան թանկ է, որ այն գրավելու համար իշխանությունները ներգրավեցին պուտանկեքին, շրջիկ խմբերին ու ձայները վաճառած ընտրաստրուկներին, որպեսզի Տարոն Մարգարյանը կարողանա տոկոս «խփել» ու մնալ աթռին, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարողանա խուսափել երկուքայլանի կոմբինացիայից։

Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներն այլևս պետական փողերը մսխելու միջոց են։ Եթե նախկինում ընդունված էր ասել, որ Երևանը վարդագույն թանգարան է բաց երկնքի տակ, ապա այժմ քաղաքը հիշեցնում է փողերի մեծ լվացքատուն։ Բնականաբար, բաց երկնքի տակ։

Ասում են, թե Երևանը Հռոմից հին է, բայց, չգիտես ինչու, չեն բացատրում, թե այդ դեպքում ինչո՞ւ են բոլոր ճանապարհները տանում դեպի Հռոմ, այլ ոչ թե Երևան։

Ու, չնայած այս ամենին, ես սիրում եմ իմ Երևանը և պատրաստ եմ գնել այն։ Այո՛, այո՛։ Գնե՛լ։ Գնել քվեիս միջոցով։ Ու եթե երևանցիների ճնշող մեծամասնությունն այդ քայլին դիմի ու որոշի գնել մայրաքաղաքը, այլ ոչ թե գնվել մայրաքաղաքը հոլանդական աճուրդով վաճառելու պատրաստ, Երևանում ծնված «գեղցիների» կողմից, ապա մենք կունենանք հստակ դիմագծով քաղաք, այլ ոչ թե չինովնիկների դրախտավայրի վերածված «օբյեկտ»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը