Մեկնաբանություն

11.10.2013 16:21


Հիմա «և, և»–ը ներսի՞ց, թե՞ դրսից

Հիմա «և, և»–ը ներսի՞ց, թե՞ դրսից

Սերժ Սարգսյանի պատկերացրած «նախաձեռնողական» քաղաքականությունն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին «այո» ասելու միջոցով Հայաստանի հանրությանը «ոչ» ասելու հնարավորությունն էր։

«Գերշուստրի» այդ քայլերն, ինչպես հայտնի է, ավարտվեցին Կրեմլի պատերի տակ։

Հիմա Սերժ Սարգսյանը նվաստացված է Մոսկվայում և չի ընդունվում Բրյուսելում։

Նա ուզում էր «և, և» խաղալ դրսում՝ միաժամանակ մաս կազմելով Մաքսային միությանը և ասոցացվելով ԵՄ–ի հետ։ Սեպտեմբերի 3–ը, սակայն, դարձավ հետհաշվարկի մեկնակետ։

ՀՀ քաղաքացիներն այժմ պետք է իրե՛նց «և, և»–ը կիառեն։ Այսինքն, և՛ իշխանափոխության հասնեն, և՛ վերականգնեն Հայաստանի հարաբերությունները Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ։

Այլ կերպ ասած՝ եկել է «և, և»–ը երկրի ներսում գործի դնելու ժամանակը, այլապես արտաքին քաղաքականությունը կազինոյում «ստավկա» դնելու հետ շփոթող այս իշխանությունը մինչև վերջ կմսխի անկախությունն ու ղարաբաղյան հաղթանակը։ Իսկ դա էլ իր հերթին բուտաֆորիայի կվերածի մեր պետությունը։

Արժե՞ արդյոք հասնել 21–րդ դար, հպարտանալ, որ ունենք Հռոմից մի քանի տարով մեծ մայրաքաղաք, պարծենալ, որ որպես պետություն՝ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, փառահեղ հաղթանակի հասնել պատերազմում և մեկ խաղամոլի պատճառով «փուռը» տալ ամեն ինչ։ Իհա՛րկե չարժե։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը