Լրահոս

14.10.2013 13:15


Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը

Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Ըստ հիմնադրամի կայքի, սա կլինի Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը /մոտ 116կմ/, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Այսօր դժվար է թերագնահատել մեկը մյուսին հաջորդած "Գորիս-Ստեփանակերտ" և "Հյուսիս-հարավ" ավտոմայրուղիների կարևորությունն ու ազդեցությունը Հայաստանի և Արցախի տնտեսությունների և դրանով պայմանավորված` բնակչության կենսամակարդակի վրա:

Այս ավտոմայրուղիները Հիմնադրամին հնարավորություն ընձեռեցին արդյունավետ ձևով և առավել կարճ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի գյուղերում և քաղաքներում կյանքի կոչել կարևորագույն ենթակառուցվածքներ. կառուցվեցին և վերակառուցվեցին դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, մշակութային հաստատություններ և այլն:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի հյուսիս-արևմտյան և Արցախի հյուսիսային շրջանների միջև: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի երկու հանրապետությունների միջև կապը, որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի միջոցով, և խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:

Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլև ճանապարհաշինության մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երևույթների և հնարավոր հետևանքների կանխարգելումը ևս խիստ կարևոր է ճանապարհի անվտանգ շահագործումն իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ հատվածներում կկառուցվեն հենապատեր, ափապաշտպան կառույցներ, կկատարվեն քարաթափման աշխատանքներ: Կառուցման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կնշագծվի և կկահավորվի համապատասխան նշաներով: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել թվով 16 կամուրջ:

Ճանապարհի կառուցումն ու մշտական ավտոհաղորդակցությունն իր ուղղակի ազդեցությունը կունենա ճանապարհից մինչև երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տարածվող համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Ճանապարհից մինչև 2-3կմ հեռավորության վրա ընկած համայնքներն են Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետավանը, Չափարը, Խնկավանը, Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր գետաշենը, Քնարավանը, Եղեգնուտը: Շահառու համայնքների թվում կլինեն նաև 5կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքները, այդ թվում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը:

Այս խորագրի վերջին նյութերը