Մեկնաբանություն

14.10.2013 13:10


Սերժ Սարգսյանի հաճախորդների աշուն–ձմեռ հավաքածուն. Զորի Բալայան

Սերժ Սարգսյանի հաճախորդների աշուն–ձմեռ հավաքածուն. Զորի Բալայան

Ժողովո՛ւրդ, եկեք ընդունենք, որ Սերժ Սարգսյանը «դեմք» է։ Նրան հաջողվել է հաճախորդների այնպիսի մի հավաքական ստեղծել, որ աշխարհաքաղաքական թափառաշրջիկության ցանկացած վայրիվերման դեպքում քծնողների և ծափահարողների պակաս չունենա։

Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, օրինակ, Սարգսյանի «նախաձեռնողականությունը» գովերգում էին պաթոլոգիկ թուրքամետները, հաստիքային քծնողները, թուրքագետ կոչվածները և այլ «կենդանիներ»։

ԵՄ–ի հետ ասոցացման և «արևմտամետության» փուլում Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությանը ծափահարում և «ընդդիմադիր» դիրքերից նրան պաշտպանում էին ռուսախոս–«արևմտամետ» Իգոր Մուրադյանը (ում վարած քարոզն ամբողջությամբ համահունչ էր թուրք–ադրբեջանական շահերին), գրանտակեր–«արևմտամետ» Դավիթ Շահնազարյանը (նրա ձևակերպումները նույնպես համահունչ էին մեր հարևանների շահերին) և այլ հաճախորդները։

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի համար փաստաբանություն էին անում նաև «անկախ» լրատվամիջոցները՝ «lragir.am»–ի և «1in.am»–ի գլխավորությամբ։

Ի դեպ, «ֆուտբոլային» և «ասոցացման» փուլերում Սարգսյանի սազանդարների կազմը գրեթե նույնն էր։

Հիմա այս զանգվածը «քաշվել» է, քանզի իշխանական վերնախավը «Նատաշա» է դարձել, և այլևս հնարավոր չէ, «գաղափարական» ու «սկզբունքային» կոդերից ելնելով, արդարացնել սեփական գեղամյանությունը։

Սեպտեմբերի 3–ից հետո «ճկուն» Սարգսյանը մեր արտաքին քաղաքականության մեքենայի ղեկը կտրուկ պտտեցրեց ու տարավ դեպի Մաքսային միություն։ Իսկ դա նշանակում է, որ հիմա եկել է նրա «ռուսամետ» հաճախորդների աստեղային պահը։

Պատահական չէ, որ երկար լռությունից հետո գլուխը բնից հանեց «ծովահեն»–հրապարակախոս Զորի Բալայանը և լավաշ–ներբողագիր նվիրեց ռուսաց թագավոր Պուտինին։ Նավարկության միջոցով փող «կպցնող» Զորիի համար բիզնեսի նոր դաշտ է բացվել, և, հետևաբար, ասիական ոճի քծնանք–նամակի բովանադակությունը քննարկելն անիմաստ է, քանզի դրա հեղինակն արդեն իսկ հուշում է, թե ինչն ինչոց է։

Բալայանը Սերժ Սարգսյանի հաճախորդների աշուն–ձմեռ հավաքածուի զարդն է՝ «մաքսային» հրետանին։

«Ծովահենը» սեփական անձի կարևորման շանս է տեսել, բայց, որպես գործի գիտակ, որոշել է քծնել ոչ թե Սերժին, այլ Վլադիմիրին։ Դե, Զորին հարյուր տարվա «վոժդ» է, և գիտի, թե քամին որ կողմից է փչում, և ում է պետք քծնել։ Բայց մի հարցում նա սխալվել է. Կրեմլում հաստատ այդքան երկար նամակ չեն կարդա։ Պարզապես մի հատ «պտիչկա» կդնեն իրենց քծնողների ցուցակում և կանցնեն առաջ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը