Մեկնաբանություն

14.10.2013 22:55


ԵՄ-ի հետ բանակցությունները պետբյուջեի վրա կրկնակի էժան են նստել, քան Նունե Եսայա՞նը

ԵՄ-ի հետ բանակցությունները պետբյուջեի վրա կրկնակի էժան են նստել, քան Նունե Եսայա՞նը

Իշխանությունները մինչ օրս չեն հրապարակում ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությունը, իսկ սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին իր կողմից կայացված միանձնյա որոշման մասին, շատերը սկսեցին հետաքրքրվել, թե որքան գումար է պետբյուջեից ծախվել ասոցացման համաձայնագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների վրա:

Բանակցություններ, որոնք, սեպտեմբերի 3-ից հետո, փաստորեն, դարձան անիմաստ, իսկ դրանց վրա ծախսված գումարը ինչպես ասում են՝ ջուրը թափվեց:

ԵՄ-Հայաստան նախկինում բանակցվող փաստաթղթի վրա Հայաստանն անցած երեք տարիների ընթացքում ծախսել է 35 միլիոն դրամ կամ մոտ 86 000 հազար դոլար: Այս մասին կայքերից մեկին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


«Այս ծախսերը եղել են պետական բյուջեից, հիմնականում ծախսվել են պատվիրակությունների այցելությունների վրա»,- նշել է Արամ Մանուկյանը:


Նշենք, որ վերջինս կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը՝ Արտաքին գործերի նախարարությանը այս մասին գրավոր հարցում էր արել և ստացել պատասխան:

Երբ երեք տարի շարունակվող բանակցությունների վրա ծախսվում է Նունե Եսայանին տրված գումարի գրեթե կեսի չափ գումար, ԱԳՆ-ի հրապարակած թիվը, չափազանց կասկածելի է թվում:

Մանավանդ, երբ երեք տարի երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը եղել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը: Ինչը նշանակում է, որ «արեւմտամետ» եւ «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը չէր կարող այդ կարեւոր գործընթացի համար ֆինանսական ռեսուրսներ խնայել եւ բավարարվեր ինչ-որ 86 հազար դոլարով:

Պարզապես հիմա, երբ, կարելի է ասել, տապալվել է այս գործընթացը եւ հայտնի էլ չէ, թե նոյեմբերին Վիլնյուսում թույլ կտա՞ն արդյոք Հայաստանին ստորագրել ասոցացման համաձայնագրի թեկուզ քաղաքական մասը, իշխանությունները, թերեւս, փորձում են այլեւս պատմություն դարձած բանակցությունների վրա ծախսված գումարի չափը հնարավորինս «կրճատված» ներկայացնել:

Մեկ օրում ԵՄ-ից երես թեքած եւ ՌԴ-ի «գիրկը նետված» Սերժ Սարգսյանի քայլն, անշուշտ, պետբյուջեի վրա շատ ավելի թանկ է նստել: Սակայն, հանրության դժգոհությունը փոքր-ինչ մեղմելու համար, իշխանությունները, թերեւս, որոշել են անիմաստ մսխած գումարի չափը փոքրացնել՝ այն հասցնելով «տրամաբանական» չափի:

Սակայն, երբ փորձում ես պարզել, թե օրինակ մեկ ամսում մեր երկիրը արտաքին քաղաքականություն իրականացնելու համար որքան գումար է ծախսել ավիատոմսերի վրա, նշված 35 միլիոնը ծիծաղելի թիվ է համարվում:

Այսպես, համաձայն պետության կարիքների համար կատարված գնումների հաշվետվության, 2012 թվականի հունիս ամսին ԱԳՆ-ն գնել է 50 ավիատոմս (էկոնոմ, բիզհես եւ առաջին կարգի): Միայն հունիս ամսին ավիատոմսերի վրա ծախսել է 45.500.000 դրամ: Պատկերացնո՞ւմ եք, 45,5 միլիոն դրամ՝ միայն մեկ ամսում: Ի դեպ, նկատենք, որ 2012 թվականը ԵՄ-Հայաստան բանակցությունների բուռն շրջան է համարվում:

Իսկ ԱԳՆ-ից այսօր նշում են, թե անցած երեք տարիներին բանակցությունների վրա ծախսել են ընդամենը 35 միլիոն:

Երբ մեկ ամսում ծախսում են 45,5 միլիոն, հավատալո՞ւ բան է, որ եռամյա գործընթացը սպասարկեն ընդամենը 35 միլիոնով:

Այն դեպքում, երբ ասոցացման համաձայնագիրը կազմված է 25 գլուխներից եւ այդ գլուխները կողմերը մեկ առ մեկ համաձայնեցրել են երկար ժամանակահատվածում, ինչը նշանակում է բազմաթիվ այցեր եւ ԵՄ-ից խորհրդատվական խմբերի ու պատվիրակությունների այցելություններ Երեւան:

Իրոք, 35 միլիոնը ծիծաղելի թիվ է նման գործընթացի համար, երբ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի «վաստակավոր» մրցակից Պարույր Հայրիկյանին նվիրում են 20 միլիոն, ով, կարծես թե, ընդամենը մի թռիչք է կատարել:

Ավելին՝ ըստ նշված հաշվետվության, երբ տեսնում ես, թե պետական մարմինները մեկ տարում որքան գումար են ծախսել սանհիգենիկ ապրանքներ ձեռք բերելու համար, պարզապես այդ 35 միլիոնն, իսկապես, ոչ արժանահավատ թիվ է համարվում:

Օրինակ, 2011-2012թթ.-ին, ընդամենը մեկ տարվա ընթացքում պետական մարմիները 8 միլիոն դրամի լվացքի փոշի են գնել, իսկ զուգարանի թղթի վրա ծախսել են 2 միլիոն, ընդհահուր առմամբ՝ սանհիգենիկ ապրանքներ ձեռք բերելու համար ծախսել են 132 միլիոն դրամ:

Ստացվում է, որ ԵՄ-ՀՀ բանակցությունները պետբյուջեի վրա նստել է զուգարանի թղթի 17-ապատիկի չափ գումա՞ր:

Շատ զվարճալի է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը