Լրահոս

23.07.2009 12:55


«Ժառանգությունը» պահանջում է վերջ տալ քաղաքական վենդետային

Հուլիսի 1-ին ընդհատակից իրավապահ մարմիններին կամավոր ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին կալանքի վերցնելով՝  իշխանությունները վերստին փաստեցին, որ երկրի ու հասարակության կառավարման գործում առաջնորդվում են իրենց բնորոշ նեղմտությամբ ու անձնական վրեժխնդրությամբ՝ անգամ մոռանալով անլիարժեք համաներման «մարդասիրական» բնույթի վերաբերյալ իրենց բարձրագոչ հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանի գործը նրա ազատության պայմաններում քննելու ու այդ ընթացքում նաև որպես երաշխավոր հանդես գալու վերաբերյալ Հայաստանի լրագրողական դաշտի ու մտավորականների միասնական հայտարարությունը շրջահայաց ու լայնախոհ իշխանությունը կդիտարկեր որպես քայլ՝ քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության մոտ կորսված վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ընդառաջելով և նրանց գործընկերոջը ազատ արձակելով՝ իշխանությունը նաև հնարավորություն ուներ ապացուցելու, որ քաղաքական որոշումները կայացնում է ոչ թե միջազգային ճնշումների տակ, այլ իրապես մարդասիրական մղումներով: Ցավոք, իշխանությունն այս անգամ էլ չանսաց լրագրողական հանրության արդար և հիմնավոր կոչին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ ինքը կարող է «մարդասեր» լինել միայն վախի մթնոլորտում ապրող հպատակի հանդեպ, անհանդուրժող՝ քաղաքական ազատության ու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ, և որ Հայաստանում արդարադատության համակարգը վեր է ածվել բացառապես քաղաքացիներին պատժող մեքենայի: 

«Ժառանգությունը» շարունակելու է Նիկոլ Փաշինյանին, ինչպեսև մյուս քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելը համարել իբրև երկրի ներսում իշխող խմբավորման կողմից իրականացվող քաղաքական վենդետայի շարունակություն և ԵԽԽՎ բանաձևերի պահանջներն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու փաստ: Նմանապես Արման Բաբաջանյանի՝ օրեցօր ծանրացող առողջական վիճակի նկատմամբ իշխանությունների հանցավոր անտարբերությունը առանձնակի դաժան վերաբերմունքի արտահայտություն է:

«Ժառանգությունը» նաև իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ իշխանությունն իրեն հլու հնազանդ ծառայող «արդարադատական» ու իրավապահ համակարգի միջոցով կարող է կալանքի վերցնել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, եթե վերջինս որոշի դուրս գալ ընդհատակից, այն դեպքում, երբ պրն Սուքիասյանին ազատությունից զրկելու իրավական որևէ հիմք չկա:

 

«Ժառանգությունը» իշխանություններից պահանջում է երկրում առկա բարոյական, սոցիալ-տնտեսական և համակարգային ճգնաժամը էլ ավելի չխորացնել սեփական «մկանների» անհարկի ցուցադրմամբ: Մեր խորին համոզմամբ՝ Արցախի (հետևաբար նաև Հայաստանի) առջև ծառացած լրջագույն մարտահրավերները օրախնդիր են դարձրել հասարակություն - քաղաքական ուժեր - պետություն եռամիասնության ապահովումը, ինչին գործող իշխանությունը նույնպես պարտավոր է նպաստել իր օրինական ու մարդասիրական քայլերով, մասնավորապես՝

-           ընդառաջ գնալ երկրի լրագրողական հանրության հայտնի կոչին,

-           ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Արման Բաբաջանյանին,

-           ընդհատակից դուրս գալու դեպքում հանիրավի ազատությունից չզրկել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:   

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը