Լրահոս

15.10.2013 16:47


Դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել

Դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել

Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:

Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը