Մեկնաբանություն

16.10.2013 16:20


Գուցե նախ պայքարեք ներքի՞ն «այլասերության» դեմ

Գուցե նախ պայքարեք ներքի՞ն «այլասերության» դեմ

Մի քանի հասարակական կազմակերպությունների հետ միասին Հայ առաքելական եկեղեցու սպասավորներն այսօր փողոց են դուրս եկել՝ պայքարելու «գենդերային այլասերության» դեմ:

Հայ հոգեւորականների շարքում եղել են Տեր Կյուրեղ քահանան, Կոմիտաս սրբազանը եւ այլ՝ այսպես ասած՝ բարձրաստիճան հոգեւորականներ եւ եկեղեցու սպասավորներ:

Գենդերային հավասարության մասին ՀՀ օրենքը չեղյալ համարելու պահանջով կազմակերպված երթի մասնակիցները հասել են կառավարության շենքի մոտ, որտեղ պետք է նամակ հանձնեին վարչապետին:

Անշուշտ, ցանկալի կլիներ, որ հոգեւորականները նախ հայտնվեին Արարատյան թեմի առաջ կամ ուղղակի Մայր Աթոռի դիմաց եւ իրենց բողոքն արտահայտեին «օֆշորային եռյակի» անդամներից մեկի՝ թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի վարքագծի դեմ, ապա հայտնվեին կառավարության դիմաց ու նույն թեմայով պատասխան պահանջեին վարչապետ Տիգրան Սարգսյանից:

Քանզի չենք կարծում, թե Բենթլիով շրջող եւ օֆշորներում «փող լվացող» Կճոյանը՝ այդ կերպ ծառայում է «վասն եկեղեցու պայծառության», իսկ վարչապետը՝ «վասն հայրենի տնտեսության»:

Առաջին հերթին «մեղաց մերոցը» վերաբերում է հենց հոգեւորական դասին, մասնավորապես Տիգրան Սարգսյանի հետ բիզնես-գործընկեր համարվող «Բենթլի Սամոյին» (թեպետ, հիմա ասում են՝ նա իր Բենթլին վաճառել է, բայց դրանով հազիվ թե կարող է վերականգնվել նրա ցմրուր արատավորված կերպարն ու վարկանիշը):

Բայց, ինչպես արդեն նկատեցինք, հոգեւորականները, թողած իրենց Կճոյանին, գնացել են վարչապետի դուռը՝ բողոքելու թղթի վրա գրված օրենքի դեմ:

Այնինչ, կրկնում ենք՝ վատ չէր լինի, որ նրանք նախ նույն Տիգրան Սարգսյանին հարցում անեին, թե արդյոք ճի՞շտ է, որ դուք եւ Նավասարդ սրբազանը օֆշորային բուռն գործունեություն եք ծավալում Կիպրոսի օֆշորային «հովիտներում»։:

Հոգեւորականության այս մոտեցումը՝ ակնհայտն ու տեսանելին թողած՝ գնալ ու բողոքել օրենսդրական փաթեթի դեմ, մեղմ ասած, զավեշտալի է:

Նույն հոգեւորականությունն այդպես էլ ուղտի ականջում քնած մնաց կամ չհանդգնեց կանգնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողքին, ով երկու ամիս առաջ կաթողիկոսին հասցեագրած նամակով տեղեկացրեց իր հրաժարականի մասին:

«Մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ»,- իր նամակում գրել էր Նորվան արքեպիսկոպոսը, որի հրաժարականի պատճառը կաթողիկոսի սպառնալիքն էր ուղղված իրեն, որ Գարեգին երկրորդն արել էր Փարիզի օդանավակայանում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ:

«Ձերդ Սրբություն, ես ոչ ժամանակ, ոչ տրամադրվածություն ունեմ կառավարել անկառավարելի հոգեւոր սպասավորներին, որոնք դաստիարակված են բիզնեսի հոգեբանությամբ: Եթե Հայ առաքելական եկեղեցու բարեկեցությունն ընդամենը հրահանգ է կամ կանոնադրություն, եթե նրա նպատակը միայն վարչական կարգուկանոնի ապահովումն է, ապա աթոռանիստ վանքում բացակայում է սերն ու երանությունը: Կցանկանայի, որ մեր Սուրբ եկեղեցին չշեղվի իր առաքելության բովանդակությունից»,- նամակն այսպես էր ավարտել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդը:

Նման բարքեր ու մթնոլորտ է տիրում հայ եկեղեցու պատերից ներս, ինչը, սակայն տեսնում ենք բոլորս:

Եթե դուք ձեր հավատավոր հոտի առջեւ հեղինակազրկվել եք, ապա այդ հոտն ինչպես կարող է լուրջ ընդունել այսօրվա ձեր «պայքարը» ինչ-որ օրենքի դեմ:

Միթե բիզնես հոգեբանությամբ ապրող եկեղեցու սպասավորների՝ այս կամ այն խնդրի նկատմամբ արտահայտած մտահոգությունները կարող ենք անկեղծ համարել:

Իհա՛րկե ո՛չ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը