Մեկնաբանություն

16.10.2013 17:46


Ղարաբաղցի ռենեգատները գործողության մեջ

Ղարաբաղցի ռենեգատները գործողության մեջ

Այն տարբերակով, որով «արևմտամետ» Սերժ Սարգսյանն ուզում էր ասոցացվել ԵՄ–ի հետ, Ղարաբաղը հայտնվելու էր Ադրբեջանի կազմում, և հարցականի տակ էր դրվելու Հայաստանի գոյությունը։

Վիլնյուսում ՀՀ–ն ԵՄ–ի հետ մի նոր Սևրի դաշնագիր էր ուզում ստորագրել։ Իսկ թե ինչ եղավ 1920թ. Սևրում ստորագրված փաստաթղթից հետո, հիշեցնելու կարիք չկա։

Առնվազն անմեղսունակ պետք է լինել՝ չհասկանալու համար, որ ԵՄ–ի հետ ավելի քան 3 տարի «ֆուտբոլային» դիվանագիտության պես գործընթաց նախաձեռնելով՝ ՀՀ իշխանությունները վերարտադրության և Արևմուտքից ակնկալվող փողի դիմաց աճուրդի էին հանել Ղարաբաղը։

Ու չնայած այս ամենին՝ Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քայլերն իբր ընդդիմադիր քաղաքական գործչի ու իբր անկախ վերլուծաբանի կարգավիճակով գովերգում էին, մասնավորապես, ծագումով ղարաբաղցիներ Դավիթ Շահնազարյանն ու Իգոր Մուրադյանը։

«Անկախ» լրատվամիջոցների էջերից սույն ղարաբաղցի ռենեգատները առավոտից երեկո ձայնակցում էին թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային և ծափահարում Սարգսյանի «նախաձեռնողականությանը»։ Սեպտեմբերի 3–ից հետո, սակայն, նրանք իրենց տեղը զիջեցին «ռուսամետ» ղարաբաղցի ռենեգատներին։

Սերժ Սարգսյանը մի ծայրահեղությունից ընկավ մյուս ծայրահեղության մեջ ու սկսեց ներբողագրեր հղել անգամ Մոսկվայի քաղաքապետին, իսկ «արևմտամետության ռահվիրա» հռչակված Տիգրան Սարգսյանը բազմաչարչար հայ ժողովրդին ներկայացրեց Մաքսային միություն մտնելու որոշման «բարեմասնությունները»։

Արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը և աշխարհաքաղաքական «բոմժությունը» շանս տվեց վաղուց մոռացված ու կոշտ «ռ»–ով «մտավորականներին» ինքնադրսևորվելու։ Ասպարեզ մտավ Զորի Բալայանը՝ յուր Գյուլիստանի պայմանագրով։ Նրան ձայնակցեց մեկ այլ ղարաբաղցի, գրող Արտեմ Հարությունյանը։

Նկատենք, որ «արևմտամետ» ու «ռուսամետ» ղարաբաղցի ռենեգատների տարբերությունն այն է, որ առաջինները Ղարաբաղը տեսնում են Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդները՝ Ռուսաստանի։ Այսինքն՝ երկուսն էլ Ղարաբաղը հանձնելու հայեցակարգով են առաջնորդվում, պարզապես «ռուսամետներն» ավելի «հայրենասեր» են ու պատրաստ են Ղարաբաղը զիջել Մոսկվային, այլ ոչ թե Բաքվին։

«Արևմտամետ» և «ռուսամետ» ռենեգատները, ըստ այդմ, հակաանկախական ու հակապետական կոդերով են առաջնորդվում։ Սրանց համար անկախ Հայաստանն ու Ղարաբաղը գոյություն չունեն։ Քաղաքականությունը հոգով ստրուկների համար սրան կամ նրան հպատակվելու արվեստն է։

Սկզբունքներ և կայուն աշխարհայացք չունեցող Սերժ Սարգսյանը, հետևաբար, իդեալական ֆիգուր է «արևմտամետների» և «ռուսամետների» համար։ Քանզի ՀՀԿ ղեկավարը, ընթացիկ իրավիճակից կախված, կարող է Գյուլից մինչև Պուտին քծնել՝ աշխատանքային լայն «ֆռոնտ» ապահովելով ղարաբաղցի և ոչ միայն ղարաբաղցի ռենեգատների համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը