Լրահոս

17.10.2013 10:02


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը
ՀՀ ոստիկանության համակարգի՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի 2012 թ. հաշվետվության ներկայացմանը մասնակցող՝ Հելսինկյան կոմիտեի նախագահը նշելով, որ չնայած ինքը խմբի աշխատանքներին չի մասնակցել, վկայաբերել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի եռամյա վաղեմությամբ զեկույցը, հայտարարելու համար, թե ՁՊՎ-ներում մարդկանց չեն տեղեկացնում իրենց կարգավիճակին, մերժում են փաստաբան ունենալու պահանջը, «հինգ-վեց հոգով ծեծում ջարդում են» և այլն:
Ինչպես նշեցինք, խոսքը վերաբերում է եռամյա վաղեմության, ի դեպ, ԽԿԿ-ի դրական եզրակացությամբ զեկույցին, հետևաբար գործ ունենք հնացած տվյալների և ոստիկանությանն ուղղված հերթական անփաստարկ մեղադրանքների հետ, որոնցից մեկին՝ խոշտանգումների մեղադրանքին, այնուամենայնիվ, չի կաևելի չանդրադառնալ:
Իրավապաշտպանի բնութագրումն, իհարկե, ծայրահեղացված է. հազվագյուտ դեպքերում խոսք կարող է լինել քերծվածքների կամ կապտուկների մասին է, որոնք ՁՊՎ բերվածներն առավել հաճախ ստանում են բերման ենթարկվելիս, ինչը հնարավոր է, և նույնիսկ աննշան քերծվածքի յուրաքանչյուր դեպքի համար անպայման քննություն է կատարվում, որն անպայման հետևանք է ունենում:
Սա է իրողությունը, և ոստիկանության ղեկավարությունն այսօր շատ խիստ ու հետևողական է վերաբերում նման դեպքերին: Ուստի հենց ոստիկանության շահերից է բխում հանրության, հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը նման երևույթներն ի հայտ բերելու գործում:
Հավաստիացնում ենք. եթե որևէ մեկը, այդ թվում և հիշյալ քննարկման մասնակիցները, ունեն կոնկրետ փաստեր, ապա ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր փաստով կկատարվի քննություն և արդյունքները կհրապարակվեն:
Իսկ եթե փաստեր չկան, խորհուրդ ենք տալիս հրաժարվել հռետորական ձևաչափից, այլապես ստացվում է, որ խոսվում է խոսելու համար, ոչ թե առկա խնդիրները լուծելու, ինչը բոլորիս և առաջին հերթին ոստիկանության նպատակն է:
Ոստիկանությունը չի խոսում, գործում է, ինչի վկայությունը նույն ՁՊՎ-ներում իրավիճակի բարելավումն է վերջին տարիներին, ինչպես և ոստիկանությանն ուղղված քննադատության մեջ հռետորաբանության մասնաբաժնի ավելացումն ու հավաստի փաստերի նվազումը:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը