Մեկնաբանություն

17.10.2013 15:30


Գենդերն ու տենդերը

Գենդերն ու տենդերը

Երեկ մի քանի հասարակական կազմակերպությունների հետ միասին Հայ առաքելական եկեղեցու սպասավորները «մասովկա» էին ապահովել գենդերային թեմայով։

Պարզվում է, որ նրանք դեմ են այլասերմանը։ Դա, իհարկե, վատ չէ, բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ է ուղղված այդ բողոքը, և ումի՞ց են առաքելականներն ու նրանց հետ ուս ուսի տված «քաղաքացիականներն» այլասերման դեմ պայքար պահանջում։

Եթե խոսքը միասեռականության, պեդոֆիլիայի կամ այլ շեղումների մասին է, և դա է այլասերում համարվում, ապա երեկվա բողոքավոր զանգվածը պետք է իր ձայնը բարձրացներ կառավարության դիմաց, ու վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջեր սեփական աշխատակազմի ներկայացուցիչների ճիշտ ընտրություն։

Ինչպես հայտնի է, վարչապետը երկար ժամանակ լսել է Սերոբ Տեր–Պողոսյանի խորհուրդները։ Վերջինս այժմ դատապարտված է պեդոֆիլիայի՝ մանկապղծության մեղադրանքով։

Դժվար թե Տիգրան Սարգսյանի խորհրդական աշխատած Սերոբը խորհուրդներ տված լիներ, ասենք, տենդերներ կազմակերպելու թեմայով։ Վարչապետն ապացուցել է, որ տենդերների և բյուջետային միջոցներն «ատկատահան» անելու հարցում նա որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը շատ բարձր է գնահատում վարչապետի՝ տենդերներ կազմակերպելու ունակությունը։ Դա է պատճառը, որ չնայած տնտեսական ձախողումներին՝ Տ. Սարգսյանը մնում է իր աթոռին։

Եվ ուրեմն, պեդոֆիլ Սերոբը տենդերների մասով չի խորհուրդներ տվել Տիգրանին։ Տակը մնաց գենդերը։ Դե, գենդերի հարցով էլ միայն «հերձումը» ցույց կտա, թե վարչապետի մոտ ինչն ինչոց է։

Այնպես որ, այլասերման դեմ պայքարողները և հատկապես Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները թող նախ իրենց Կճոյանի հետ չափից շատ սերտ հարաբերություններ ունեցող Տիգրան Սարգսյանից պահանջեն պեդոֆիլ խորհրդականների բացառում, ապա նոր միայն կեղծ պաթոսով դուրս գան փողոց։

Վատ չէր լինի, որ եկեղեցականները նաև իրենց տեսակետը հայտնեին պետական գանձարանը դատարկող կեղծ տենդերների թեմայով։ Հայ ժողովրդի համար, ի վերջո, շատ ավելի կարևոր է տենդերը, քան գենդերը։ Քանզի գենդերի վնասը լոկալ բնույթ ունի, իսկ ահա կոռուպցիոն ռիսկեր պարունակող տենդերներից տուժում ենք բոլորս, և թուլանում է պետությունը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը