Լրահոս

23.07.2009 15:29


Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաօյին

Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաօյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաօյին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը:

Երկրի ղեկավարը ողջունել է Բանկի արագ արձագանքը և հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Հյուսիս-հարավ երկաթուղու, Երևանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու և նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար:

Փոխնախագահ Ժաօն ասել է, որ Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:

Բարձր գնահատելով Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված համագործակցությունը, նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման և ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը և տպավորված է դրանց ընթացքից:

Փոխնախագահը նաև վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները:

Կարևորելով խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը՝ կողմերը համաձայնել են, որ դրանք լուրջ խթան են երկրի զարգացման համար: Նրանք հեռանկարային են դիտել նաև մասնավոր սեկտորում համատեղ ծրագրերի իրականացումը:

Նախագահ Սարգսյանը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաև կարևորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը