Մեկնաբանություն

18.10.2013 10:50


«Ծաղկավոր խալաթ» կուսակցության ռահվիրաները

«Ծաղկավոր խալաթ» կուսակցության ռահվիրաները

Մինչև սեպտեմբերի 3–ը Սերժ Սարգսյանը «արևմտամետ» լադի վրա էր։ Նրա պատկերացմամբ՝ եթե ՀՀ–ն ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի է գնում, ապա պետք է անպայման հակառուսական գիծ որդեգրի։ Ասել է թե՝ «և,և»–ի մասին հայտարարելով՝ Ս. Սարգսյանն իրականում առաջնորդվում էր «կամ, կամ» տարբերակով՝ դնելով հետագա ինքնանվաստացման հիմքերը։

Սերժ Սարգսյանից «արևմտամետությամբ» հետ չէին մնում նրա թիմակիցները։ Մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմնավորումներ էր ներկայացնում այն մասին, թե ինչու ՀՀ–ն չի կարող Մաքսային միություն մտնել, իսկ նրա նախկին կուսակից, ընկեր Շավարշ Քոչարյանը դեմքի իրեն հատուկ ակտիվ միմիկայով ապացուցում էր, թե ինչքան «քըխ» բան է Մաքսային միությունը, քանզի այնտեղ մտնելով` Հայաստանը կարող է սուվերենություն կորցնել։

Եթե չեք մոռացել, Սարգսյանի «արևմտամետ» փուլում տեղի ունեցավ դժբախտ պատահար Մոսկվայում։ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով հարվածեց մարդատար տրանսպորտին՝ դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ։

Այդ ողբերգական իրադարձությանը հետևած դատական գործընթացը բողոքի ալիք բարձրացրեց ֆեյսբուքահայության շրջանում, քանզի Հարությունյանին դատարանի դահլիճ էին բերել կանացի ծաղկավոր խալաթով, և ոտնահարել էին նրա իրավունքները։

Բաղրամյան 26–ից որոշեցին օգտվել իրավիճակից ու հակառուսական հիստերիա բարձրացնել։ Սերժ Սարգսյանն ու իր «արևմտամետ» թիմակիցները, իհարկե, ծպտուն չհանեցին Հ. Հարությունյանի իրավունքների պաշտպանության թեմայով ճիշտ այնպես, ինչպես «Անասնաֆերմայում» Ստալինին հիշեցնող խոզն էր թաքնվում թոհուբոհի ժամանակ, որպեսզի խուսափի հետագա անցանկալի զարգացումներից, և խառնաշփոթից հետո կարողանա վայելել այլոց պայքարի արդյունքները։

Սերժն ու ընկերները իրենց դեմքով չէին մտնում հակառուսական ու հակապուտինական այդ խաղի մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հայտարարեն, որ իրենք կապ չեն ունեցել հիստերիայի հրահրման հետ, և Պուտինի խրտվիլակի վրա իրենք չեն ծաղկավոր խալաթ հագցրել։

Հիմա Սերժ Սարգսյանն ու իր «արևմտամետ» թիմակիցները ինքնակամ հագել են ծաղկավոր խալաթներն ու հակառուսական հիստերիան փոխարինել պրոռուսական քծնանքով։

«Ծաղկավոր խալաթ» կուսակցության ղեկավարն արդեն Մոսկվայի քաղաքապետին է շնորհավորում և շուտով կանցնի գյուղապետերին նամակ գրելու գործին։ Տիգրան Սարգսյանը չարթերային թռիչքներ է կատարում դեպի Ռուսաստան ու շտապում հերքել ու «փչացնել» ինքն իրեն։ Դե, իսկ Շավարշ Քոչարյանը դարձել է Մաքսային միությանն ինտեգրվելու հանձնաժողովի կարկառուն ներկայացուցիչ։

«Ծաղկավոր խալաթ» կուսակցության մյուս անդամների ու հաճախորդների գործունեությունը սեպտեմբերի 3–ից հետո նույն ոճի մեջ է։

«Ծաղկավորների» «մտավոր» թևի նեկայացուցիչ Զորի Բալայանի նամակն` ուղղված Պուտինին, Բաղրամյան 26–ից իջեցված հրահանգի արդյունք էր։ Հարցն այն չէ, որ Սերժ Սարգսյանը Գայկովիչին խնդրել է հիշել Գյուլիստանի պայմանագրի մասին։ Խնդիր է դրվել անսահմանորեն քծնել ռուսաց թագավորին։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է։ Բալայանը հարյուր տարվա «վոժդ» է և շատ լավ որսում է օրվա իշխանության սրտի ցանկությունը։ Քծնանքի մեծ վարպետ Բալայանն այդ գործում «շուն է կերել»։ Նա այնպես կարող է քծնել, որ քծնանքի օբյեկտի մոտ թութքի («գեմառո») խնդիրներ առաջանան։ Գայկովիչը որոշեց Գյուլիստանով մտնել, քանզի իր «շեֆի» հոգեվիճակն է այդպիսին։ Հիմա Սերժը պատրաստ է անգամ Սիկտիվկարի կամ Վոռկուտայի տեղական իշխանություններին «գյուլիստանյան» սեր խոստովանել, որպեսզի, իր կարծիքով, կարողանա շահել Կրեմլի վստահությունը, և լուծել աթոռի խնդիրը։

Դեռ ինչե՜ր ենք տեսնելու։ «Արևմտամետ» Սերժ Սարգսյանից ամեն ինչ սպասելի է։ Չէ՞ որ նա ադրբեջանական կոմսոմոլի դպրոցի սան է և արևելյան ոճի քծնանքի բոլոր նրբություններին տիրապետում է։ Այլ հարց է, որ ռուսներին դա պետք չէ, և ինքնանվաստացման այս շոուն է՛լ ավելի ծանր վիճակի մեջ է դնելու Հայաստանին։ Իսկ դա նշանակում է, որ իշխանափոխությունը, բացի արժանապատվության խնդրից, վաղուց դարձել է ազգային անվտանգության ապահովման միակ միջոցը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Զորի Բալայանի նամակից հետո ու՞ր են կորել ամիսներ առաջ Պուտինին ծաղկավոր խալաթ հագցնողները։ Բա մի հատ Զորի Բալայանի կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի խրտվիլակը սարքեիք ու ծաղկավոր խալաթ հագցնեիք Բաղրամյան 26–ի դիմաց։ Թե՞ պետպատվեր չկա։

Այս խորագրի վերջին նյութերը