Լրահոս

23.07.2009 16:55


ԱՆ տեղակալ. «Բավականաչափ բարելավվել է քրեակատարողական հիմնարկների վիճակը, բայց այն մակարդակը չէ, որը մեզ անհրաժեշտ է»

-Համաներման կիրառմամբ բավականաչափ թեթևացավ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը։ Այնուամենայնիվ, այդ երևույթը դեռևս կա, և ներկայումս մշակում ենք որոշակի փոփոխություններ քրեական քաղաքականության մեջ, որպեսզի թուլացվի գերծանրաբեռնվածության խնդիրը,- «ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգը 2008թ.» հաշվետվության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը։

Անդրադառնալով բանտարկյալների բուժսպասարկման խնդիրներին՝ նախարարի տեղակալն ասել է.

-Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկումը կազմակերպվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով։ Նրանց բուժսպասարկումն իրականացվում է իրենց քրեակատարողական հիմնարկներում։ Կառավարության որոշման համաձայն՝ հնարավորություն կա քաղաքացիական բուժհաստատությունների ծառայություններից օգտվել։ Եթե անհրաժեշտ օգնությունը մեր համակարգում հնարավոր չէ տրամադրվել, ապա այն կիրականացվի քաղաքացիական բուժհաստատությունների միջոցով։ Դրա անհրաժեշտությունը բժիշկներն են գնահատում։ Սկսված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը, որը Էջմիածին քաղաքին հարակից տարածքում է։ Ծրագրի շարունակությունը ենթադրում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք-շինությունների կառուցումը, որը կառավարությունում արդեն իսկ քննարկվել է։

Նախարարի տեղակալն ասել է նաև, թե բավականաչափ բարելավվել է քրեակատարողական հիմնարկների վիճակը, «բայց այն մակարդակը չէ, որը մեզ անհրաժեշտ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը