Մեկնաբանություն

19.10.2013 11:45


Մի քանի «կռուգ» «կամ–կամ»–ի ու «և, և»–ի արանքում

Մի քանի «կռուգ» «կամ–կամ»–ի ու «և, և»–ի արանքում

Հայաստանի եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ արդեն նմանվում են հեռակա «ռազբիրատի», հիշեցնում են հայտնի ֆիլմում Նաջարյանի եւ նրա կնոջ թունդ կռիվը: «Աղասի, կտա՛ս…Չե՛մ տա»:

Հավանաբար, մինչեւ նոյեմբերի վերջ, երբ Վիլնյուսում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության համաժողովը՝ կողմերը նույն համառությամբ պնդելու են իրենցը:

Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, փոխարտգործնախարար Մնացական Զոհրաբյանը հայտարարեց, թե Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում եւ ՀՀ-ն ձգտում է նախաստորագրել այդ համաձայնագիրը:

Նրան անմիջապես հակադարձեց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն` հերթական անգամ սառը ջուր լցնելով հայկական կողմի վեհ ձգտումների եւ անհագ ցանկությունների վրա: Փիթեր Ստանոն հայտարարեց, որ Վիլնյուսում Հայաստանը ոչ մի փաստաթուղթ էլ չի նախաստորագրի. «Այս միասնական փաթեթը հնարավոր չէ նախաստորագրել կապված այն նորության հետ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը»:

Մի խոսքով, ըստ պարոն Ստանոնի՝ ՀՀ-ն նախաստորագրելու ոչ մի շանս չունի, քանի որ քաղաքական եւ առեւտրային մասերից բաղկացած փաթեթը Հայաստանի խաթեր չեն տրոհելու՝ թույլ տալով, որ մեր երկիրը գոնե նախաստորագրի քաղաքական մասը: Ոչ մի դեպքում: Այնպես, որ՝ փաստաթուղթը նախաստորագրելու տենչով համակված Հայաստանի իշխանությունները հիմա կարող են մտածել միայն այն մասին, թե ինչպես են ԵՄ-ի հետ հարաբերությունների «նոր հիմք ստեղծելու»:

Այսինքն՝ ամեն ինչ սկսվելու է զրոյից:

Իսկ այս ընթացքում Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպելով մեդիաֆորումի մասնակիցների հետ, վերջիններիս ներկայացնում էր Սերժ Սարգսյանի ընդունած «իմաստուն» որոշման առավելությունները. «Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս»:

Հարց է առաջանում՝ դե, եթե Հայաստանը Մաքսային միությունից դուրս չեք պատկերացնում, ի՞նչ եք կախ ընկել Եվրամիության վզից ու շարունակում եք աղաչանք-պաղատանքը, թե ինչ կլինի գոնե մի ոտի տեղ էլ մեզ տվեք: Այն դեպքում, երբ ԵՄ-ն հազար անգամ զգուշացնում էր՝ ընտրեք՝ «կամ-կամ»:

Բայց Սերժ Սարգսյանը մի քանի «կռուգ» տալով «Կամ-կամ»-ի ու «և, և»-ի կողքով՝ գնաց ու կամովին գերի ընկավ Ռուսաստանի ձեռքը:

Այսքանից հետո դարձյալ փորձել «խաղեր տալ» Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ, թերեւս, նման քայլի կարող է դիմել միայն շատ «ճկուն» Սերժ Սարգսյանը: Ըստ ամենայնի՝ հայաստանյան իշխանությունների ձևական մի թուղթ է պետք ստորագրել, որպեսզի ցույց տան, որ «և,և»–ը ստացվեց։

Ի դեպ, այս համատեքստում բավական մազալու է Զորի Բալայանի մտադրությունը, ով պատրաստվում է հրապարակել իր հայտնի նամակի երկրորդ եւ երրորդ «հատորները»՝ անգլերենով եւ ֆրանսերենով:

Պարզվում է նա նամակներ է գրելու նաեւ ԵԱՀԿ համանախագահող երկրների մյուս երկու ղեկավարներին նույնպես: Խոսքը Օբամայի եւ Օլանդի մասին է:

Դեռ չի բացահայտել՝ նոր նամակների բովանդակությունը նո՞ւյնն է լինելու, ինչ բնօրինակինը: Թե՞, այնուամենայնիվ, Օբամային գրելու է, որ Ղարաբաղի հարցն այլեւս ԱՄՆ-ի խնդիրն է, իսկ Օլանդին էլ ասելու է, որ Ղարաբաղի հարցն այլեւս Ֆրանսիայի խնդիրն է:

Դատելով ամենից, ոնց որ թե Զորի Բալայանն էլ է գնում Սերժ Սարգսյանի ճանապարհով՝ նամակագրական գործընթացում խճճվելով «Կամ-կամ»-ի ու «և, և»-ի քաղաքականության մեջ:

Դե, ինչ տեսել է, այն էլ սովորել է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը