Լրահոս

19.10.2013 11:55


Մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը

Մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը

Երևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարետացրի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման համաժողովները պետք է նպաստեն տնտեսագիտական մտքի զարգացմանը, երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնեն տնտեսագիտական հետազոտությունների նկատմամբ: «Մենք պարտավոր ենք Երևանի պետական համալսարանում ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի մարդիկ մոտիվացվեն՝ հետազոտություններով զբաղվելու համար: Ամենայն ուշադրությամբ պետք է հետևենք այդ հետազոտություններին և հնարավորինս օգտագործենք այն հիմնական գաղափարները, որ Հայկական տնտեսագիտական միությունը կներկայացնի մեզ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ժամանակակից ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար, միևնույն ժամանակ վերջիններիս աշխատանքը դարձրել հետաքրքիր: «Եթե հետևենք Նոբելյան մրցանակներին, որոնք տրվում են տնտեսագիտության ոլորտում, կտեսնենք այն արդիական թեմաները, որոնք հետաքրքրւմ են տնտեսագետներին: Ակնհայտ է, որ բազմաթիվ օրինաչափություններ, որ դասական տնտեսագիտությունը մեզ տալիս էր, շատ հաճախ չեն դրսևորվում: Դրանք փոխարինվում են այլ օրինաչափություններով, միաժամանակ ստիպելով տնտեսագետներին սերտորեն համագործակցել այլ մասնագիտությունների՝ սոցոլոգիայի, հոգեբանության մասնագետների հետ: Այդ ամենը ստիպում է մեզ ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակները»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր հետադարձ հայացք գցելով վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դրսևորված սոցիալտնտեսական, ֆինանսական բավականին բարդ գործընթացների վրա, փորձ է արվում հասկանալ, թե ինչ նոր մարտահրավերների առջև կարող ենք կանգնել:«Իհարկե, այդ տեսակետից միջազգային համադրումները, անցումային երկրներում դրսևորվող օրինաչափությունների ուսումնասիրությունները մեզ օգնում են ավելի ճիշտ հասկանալ մեր առանձնահատկությունները և օրինաչափությունները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ կառավարությունն ուշադրությամբ հետևելու է համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումներին:
Եռօրյա համաժողովին առաջին զեկուցմամբ հանդես է եկել աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուն:

ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը