Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցած սպանության իրական պատկերը (տեսանյութ)
jfhr.am–ը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այժմ ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված՝ մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ:
«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր–ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատե՛ք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ»,–հայտարարեց փաստաբանը:
Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին՝ Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը:
Հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է Գորիս: Ըստ քրեական գործի տվյալների՝ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում, և չի էլ իմացել, որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ և երկու անգամ հարվածել վերջինիս:
«Նախ տրամաբանությունից զուրկ է մտածել, որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է, որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել և ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդ՝ այն, որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը հասցրել, նաև հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաև քրեական գործում, մասնավորապես Արտակ Բուդաղյանը, դեպքի առընչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ»,–պարզաբանում է Հայկ Ալումյանը:
Ավետիք Բուդաղյանը վերադարձել է տուն, երբ Արտակը տանը Ղարաբաղ մեկնելու վերջին պատրաստություններն էր տեսնում, սա հաստատված է քրեական գործի նյութերով: Ճաշելու ժամանակ Ավետիքը մտնում է տուն, նստում է սեղանի շուրջ, և Արտակը նկատում է, որ եղբոր դեմքն այլայլված է /Արտակի կինը ցուցմունքում նշել է, որ կյանքում այդպիսի վատ տրամադրությամբ չէր տեսել Ավետիքին/: Արտակն ամեն կերպ փորձում է ճշտել՝ ինչ է պատահել, ու նկատում է եղբոր դեմքին կարմրածություն: Եվ միայն այդ ժամանակ Ավետիքը սկսում է պատմել Սուրիկ Խաչատրյանի հետ ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպի մասին:
Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում Ավետիքին ասել է՝ «Դու ո՞վ ես, որ հյուրերը մարզ գալիս քեզ հետ հանդիպեն, ե՛ս եմ Սյունիքի մարզպետը, ու սրանից հետո այլ կերպ է լինելու, ձեր բիզնեսի կեսն էլ պիտի տաք ինձ»:–Այս մասին են վկայում Արտակ և Էմիլ Բուդաղյանների ցուցմունքները քրեական գործում: Ավետիքն այս ամենի մասին պատմում է Արտակին, ով շատ վրդովված ասում է, որ Խաչատրյանից պետք է բացատրություն պահանջել, սաստել: Եղբայրների միջև է վեճ ծագում: Ավետիքն արգելում է Արտակին միջամտել:
Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցած սպանության իրական պատկերը (տեսանյութ)