Մեկնաբանություն

19.10.2013 19:32


Գրողական «վերխուշկան» էլ է տոկոս «խփելու»

Գրողական «վերխուշկան» էլ է տոկոս «խփելու»

Հայաստանի գրողների միության վաղը կայանալիք արտահերթ համագումարից (որի օրակարգում ընդամենը մի հարց է՝ ՀԳՄ նախագահի ընտրությունը) առանձնապես սպասելիքներ չկան:

Երբ ի սկզբանե Զորի Բալայանն ու ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանի խնամին՝ Ավիկ Իսահակյանը վազքով գնում են նախագահական պալատ՝ խնդրելով, որ ՀԳՄ նախագահի պաշտոնի համար «դաբրո» տան Էդվարդ Միլիտոնյանին, այդ պահից սկսած՝ համագումարի եւ նախագահի ընտրության կազմակերպումը դառնում է ընդամենը տեխնիկայի հարց:

«Դաբրոն» կա՝ մնում է գրողական համայնքի ներսում թունդ մրցակցության իմիտացիա ստեղծել, ինչով էլ անցած մեկուկես ամիսներին զբաղված էին ՀԳՄ նախագահի թեկնածուներն ու նրանց համախոհները: Թեկնածուները երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան եւ Դավիթ Սարգսյան:

Ի դեպ, որքան հայտնի է Միլիտոնյանը ՀՀԿ անդամ է (համենայն դեպս, տարիներ առաջ նա ինքը չէր էլ թաքցնում, որ հանրապետական է), Հովեյանը նախկինում ՕԵԿ անդամ էր, եւ այս ուժի քվոտայով դարձավ մշակույթի նախարար, իսկ Սարգսյանը՝ դաշնակցական է:

Այնպես, որ դժբախտություն չէ, եթե վերջինները ՀԳՄ նախագահ չընտրվեն, հետո Միլիտոնյանը նրանց «կոալիցիա» կհրավիրի եւ նրանք սիրով կընդունեն նրա առաջարկը:

ՀԳՄ նախագահի ընտրությունները գրեթե միշտ էլ անցել են խախտումներով, երբեք չեն փայլել արդարությամբ եւ թափանցիկությամբ, հակառակը՝ նախկին նախագահը դիմել է ամենազազրելի մեթոդներին՝ միայն թե 12 տարի մնա իր աթոռին:

Այս անգամ, սակայն իբրեւ ժամանակավոր պաշտոնակատար Միլիտոնյանը սեփական հաղթանակն ապահովելու համար մեթոդների ընտրության հարցում, կարծես թե, գերազանցեց իր նախորդին:

Նախընտրական փուլն ամբողջովին հիշեցրեց երկրի նախագահի ընտրությունների նախընտրական փուլերին:

Անցած շաբաթներին Միլիտոնյանն ակտիվորեն քարոզարշավ էր անցկացնում, գնում էր Լոու մարզ, Արցախ, որտեղ հանդիպում էր տեղի գրական բաժանմունքների ղեկավարների ու անդամների հետ եւ «քվեարկված» հետ էր վերադառնում: Այն դեպքում, երբ ըստ կանոնադրության համագումարն է առաջադրում եւ հաստատում թեկնածուներին, իսկ մինչ այդ երբեք քարոզարշավներ տեղի չեն ունենում:

Ավելին՝ չնայած Հովեյանի համառ պահանջներին՝ Միլիտոնյանն այդպես էլ վայր չդրեց ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այսինքն՝ օգտվելով պաշտոնակատարի իրավունքներից, ինչը անհավասար մրցակցության պայմաններ է ստեղծել մյուս թեկնածուների համար:

Բացի այդ, համագումարը նախապատրաստող հանձնաժողովի որոշմամբ սփյուռքի գրողները եւս ներգրավեցին ընտրական գործընթացում, ինչը մինչ այս ընտրությունն էլ նախորդ նախագահը թաքուն իրականացնում էր՝ նամակներ գրելով գաղթօջախներում գործող գրական մասնաճյուղերին եւ հրահանգում, որ իրեն սատարող հայտարարություններով հանդես գան: Սակայն հիմա դա արվեց հանձնաժողովի որոշման ուժով: Եվ պարզ է, թե սփյուռքահայ գրչեղբայրների վիրտուալ քվեարկությունները ում օգտին են հաշվելու:

Մի խոսքով՝ գործ ունենք տիպիկ համապետական ընտրությունների հետ:

Եվ, իհարկե, կասկած չկա, որ Միլիտոնյանի եւ գրական վերնախավի հաշվիչ հանձնաժողովը տոկոսներ է «խփելու» ժամանակավոր պաշտոնակատարի օգտին:

Ճիշտ է, առանձին թիմեր մի քիչ կաղմկեն, բայց այդ ամենը կամաց-կամաց կհարթվի, ամեն ինչ կհանդարտվի՝ ինչպես անցած տասնամյակներին եւ… գրական ճահիճը նորից կմնա:

Սակայն պետք է ասել, որ այս նախընտրական շրջանում ինչ-որ դրական միտումներ նկատվեցին: ՀԳՄ անդամներից շատերը թոթափելով վախը, հրապարակավ խոսում էին միության չաշխատող կառուցվածքի, գրական ընթացքի ոչ ճիշտ կազմակերպման, բովանդակազուկ եւ գորշ կառույցի «բարեմասնությունների» անարդար մրցանակաբաշխությունների, առանձնաշնորհյալ գրողների, տասնյակներով չգրող հեղինակներին միության շարքերն ընդունելու մասին, որոնց ամեն համագումարից առաջ Անանյանը դասակներով լցնում էր միություն, որպեսզի քվեարկեին իր օգտին:

Ավելին՝ խոսվեց նաեւ առուծախի մասին, մասնավորապես՝ գրողների Սեւանի հանգստյան տունը «ծախելու» մասին, որը Անանյանը տվել է իր որդուն եւ նրա ընկերներին:

Զավեշտն այն է, որ գրողների Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական-հանգստյան տների գոյության, տարիներ շարունակ գրական մարաթոներ կազմակերպելու եւ գրական հարուստ հիմնադրամի պարագայում այսօր միությունն ունի մեկ-երկու «հազար թվի կոմպյուտեր»:

Լավ է, որ գոնե հիմա այս ամենի մասին ՀԳՄ անդամները բարձրաձայնում են, խնդիրներ ու փաստեր, որոնց ես մի քանի տարի առաջ անդրադարձել եմ: Եվ իմ այդ հրապարակման համար Անանյանը ինձ դատի տվեց, ավելին՝ մի հատ էլ հատուկ ինձ համար մրցանակ հորինեց՝ «Կեղանք» անունով ու այդ թեմայով ասուլիս հրավիրեց ու հրապարակավ մրցանակը «հանձնեց» ինձ:

Անանյանից ահաբեկված ՀԳՄ անդամներն այն ժամանակ ծպտուն չէին հանում եւ լավ է, որ գոնե հիմա ասում են ճշմարտությունը, ինչի մասին գրել եմ քանիցս:

Ինչեւէ, այս համագումարն ու նախագահի ընտրությունն էլ կանցնեն եւ դարձյալ ՀԳՄ անդամները կպապանձվեն, քանզի Անանյանի տեղը նստելու է նրա նմանակը, որ 12 տարի եղել է Անանյանի տեղակալը եւ մտածողությամբ, ղեկավարման մեթոդներով ու գործելակերպով առանձնապես չի տարբերվում նախկին շեֆից: Դե իսկ Միլիտոնյանի մրցակիցները նույնքան «ֆեյք» են, որքան 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ «մրցապայքարի» ելած «վաստակավոր» եռյակը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը