Մեկնաբանություն

20.10.2013 15:00


«Ատմազկան» այլևս չկա, բայց հաճախորդը դեռ հասանելի է (տեսանյութ)

«Ատմազկան» այլևս չկա, բայց հաճախորդը դեռ հասանելի է (տեսանյութ)

Թվում էր, թե սեպտեմբերի 3–ից հետո Սերժ Սարգսյանի «արևմտամետ» հաճախորդները պետք է սսկվեին ու հանրության աչքին չերևային։

Թվում էր նաև, թե Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու մոլի կողմնակիցներ ներկայացողները պետք է քնեին Ազատության հրապարակում և անողոք պայքար սկսեին Սերժ Սարգսյանի դեմ։

Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց։ «Արևմտամետներն», իրոք, մի պահ շփոթված էին ու սսկված, քանի որ սեպտեմբերի 3–ից հետո վերացել էր այն «ատմազկան», որը թույլ էր տալիս «սկզբունքային» ու «գաղափարական» դիրքերից ելնելով հիմնավորել, թե ինչու են ծառայում Սերժ Սարգսյանին՝ «Մենք արևմտամետ ենք, իսկ Սերժ Սարգսյանը դեպի Արևմուտք է տանում ՀՀ նավակը. բա ինչպե՞ս աչք չփակենք մարտի 1–ի 10 զոհի գնով իշխանության եկած այդ մարդու արածների վրա և նրան չպաշտպանենք չար ռուսամետ ուժերից» թեմայով։

Հաճախորդները կարծում էին, թե այլևս պետք չեն գա ՀՀԿ ղեկավարին, բայց նրանց անհանգստությունն անհիմն էր։ Փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանը դեն չի նետում անգամ բազմակի օգտագործման ենթարկվածներին, էլ ուր մնաց թե սեփական եղբոր գաղափարների ուրացման գնով սեփական քաղաքական կարիերան դասավորող և Հուդայի հոգեկերտվածք ունեցող Արամ Զավենի Սարգսյանին թողներ առանց գործ։

Էս «նեղ մաջալին» Ս. Սարգսյանին Զորի Գայկովիչից մինչև Արամ Զավենիչ պետք են, քանզի նա բացառապես «մուտիլովկաների» վրա է հույսը դրել ու իշխանությունից կառչած է մահապարտի կարգավիճակով։

Սարգսյանն իր մշտական վախերն ու մտահոգություններն ունի։ Ու արդեն կապ չունի, թե արդյոք այդ վախերն իրական հիմք ունե՞ն, թե՞ ոչ։ Այդ վախերից մեկի անունը Ռոբերտ Քոչարյան է։ Դա է պատճառը, որ նա իր հաճախորդների շուրթերով անընդհատ կռիվ է տալիս ՀՀ երկրորդ նախագահի դեմ։ Իսկ ով կարող է այդ հարցում ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին, եթե ոչ չգործող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով հարցազրույց է տվել տխրահռչակ «1in.am»–ին, և ասել Սերժ Սարգսյանի սրտի ուզածը։

Պատկերացնու՞մ եք, Ա. Սարգսյանը քննադատում է Մաքսային միություն մտնելու որոշումը, ապոկալիպտիկ սցենարներ ներկայացնում Հայաստանի ապագայի վերաբերյալ, հայհոյում ռուսներին, բայց ոչ մի թթու խոսք չի արտաբերում Սերժ Սարգսյանի հասցեին։ Ավելին, Արամ Սարգսյանի կարծիքով՝ ամենա ոչ բալանսավորված քաղաքականությունը Հայաստանը վարել է հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը բոլորին «այո» ասելով, Արամի չսիրած ՌԴ ռազմաբազաները Հայաստանում տեղակայելը 50 տարի երկարաձգելով, Արամի համար ատելի Մաքսային միություն մտնելու որոշումը կայացնելով ավելի հավասարակշռված քաղաքականություն է վարել, քան Քոչարյանը։

Ըստ Ա. Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանը ռուսների ճնշման զոհն է։ Ասել է թե՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, «անկախ» լրատվամիջոցների հանգույն, տանում է «Խեղճ Սերժին ճնշեց չար Պուտինը» գիծը։

«Խոխման» այն է, որ Կրեմլի «հետույքը» մտած ՀՀ իշխանության համար գեղամյանություն անող Արամ Սարգսյանը դեռ շարունակում է Լևոն Տեր–Պետրոսյանին մեղադրել իբր ռուսամետության մեջ և ներկայանալ որպես արևմտամետ գործիչ։ Ինչևէ։

Ի դեպ, իր հարցազրույցում Զավենիչը ձեռքի հետ փորձում է մաքրել նաև իր կոլեգաներին՝ Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին՝ նրանց վարքագիծը բացատրելով չար ռուսների միջամտությամբ։ «Նրանք ինչ կարող են անել, ռուսներն են ստիպում իշխանությանն ու ընդդիմադիր դաշտում գործողներին միանալ»,– տողատակում հասկացնում է Արամ Սարգսյանը։

Տեղին է հիշեցնելը, որ Արամ Սարգսյանը դուրս եկավ ՀԱԿ–ից, վայր դրեց մանդատը և խոստացավ փողոցը գրավելու միջոցով պայքարել իշխանության դեմ, բայց ընդամենը գրավեց իր հաստատուն տեղը Սերժ Սարգսյանի հաճախորդների ցանկում։

ՀԱԿ–ից հեղափոխություն պահանջած, ՀԱԿ–ին անվճռականության մեջ մեղադրած, փողոցը գրավելու խոստում տված Արամ Սարգսյանը հանգստյան օրերին իշխանական վերնախավի ներկայացուցիչներին է իր տանն ընդունում ու ճանապարհում։ Իսկ աշխատանքային օրերին բոցաշունչ ելույթներ է ունենում Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցների էջերում։ Ահա՛ և նրա հեղափոխական պաթոսի էությունը։

Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանը մոռացության մատնվեց և ուղարկվեց «կադրերի տրամադրության տակ», քանզի Գագիկ Ծառուկյանը չառաջադրեց իր թեկնածությունը։ Եթե ԲՀԿ առաջնորդը մտներ մրցապայքարի մեջ, ապա Արամը նույնպես կառաջադրվեր՝ գեղամյանություն անելու նպատակով։

Հիմա, դատելով ամենից, Արամին «կադրային ռեզերվից» հանել են, ինչը վկայում է Սերժ Սարգսյանի պաթոլոգիկ հոգեվիճակի ու ներքին տագնապների մասին։

Չի լսում, փաստորեն, մեր խորհուրդները Սերժ Ազատիչը։ Հազար ենք ասել, որ երկու վախը մի մահ է։ Բայց դե Սերժը տեղեկացված մարդ է։ Որ վախենում է, ուրեմն մի բան գիտի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, պարզվում է, որ մինիմում և մաքսիմում ծրագիր ունի։ Մինիմումով ուզում է այնպես անել, որ Եվրասիական միության, Մաքսային միության հետ համաձայնագիրը չստորագրվի. սա գերխնդիր է, որովհետև երկիրը սրանից տուժելու է:

Ընդ որում՝ Սարգսյանը կարծում է, որ այս բանը հասկանում են Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ վարչական իշխանությունները, չեն հասկանում միայն կարոտախտով տառապողները, նախկին սովետական երկիրը երազողները (դե՛, հասկանում եք, էլի՛. Սերժը լավն է, բայց կան ոչողջախոհներ և կարոտախտով տառապողներ, որոնք չուզեցան ԵՄ–ի հետ ասոցացվել):

Մաքսիմումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի վերջին տարիների «գյոզալական» արտաքին քաղաքականությունը կյանքի կոչվի, այն է՝ Եվրոպայի դուռը նորից բացվի (փաստորեն, ըստ Արամի ստացվում է, որ Սերժը բացած է եղել այդ դուռը. ա՛յ, ա՛յ, ա՛յ)։

Հ.Գ.–2։ Արամ Սարգսյանն իր հարցազրույցում նշել է նաև, որ հոկտեմբերի 27–ի դեպքերը կապված էին արտաքին քաղաքական զարգացումների հետ։

Նկատենք, որ եթե Վազգեն Սարգսյանի սպանության հետ կապված հարցեր կան, ապա դրանք պետք է տրվեն հենց Արամ Սարգսյանին, քանզի նա էր դե ֆակտո ղեկավարում քնչական գործընթացը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին անսահմանորեն ծառայող ու հոկտեմբերի 27–ի պահով Հուդայի զղջմանը սպասող Արամ Զավենիչին, ապա հիշեցնենք, որ նա ու իր այն ժամանակվա ՀՀԿ–ական թիմակիցներն այդ թեմայով պահանջում էին Սերժ Սարգսյանի՛ հրաժարականը։

Կից ներկայացված տեսանյութը կթարմացնի Արամ Սարգսյանի հիշողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը